Պիպոյանը՝ մանկապարտեզների ուսումնասիրության մասին. Քաղաքապետարանին պաշտպանելու քայլ էր
Մանկապարտեզներին վերամշակած հավի միս մատակարարելուց հետո պետք էր ոչ թե ուսումնասիրություններ սկսել, այլ ոլորտում արմատական փոփոխություններ ձեռնարկել, գործուն մեխանիզմներ ներդնել: Panorama.am-ին նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մանկապարտեզներում անցկացված ուսումնասիրություններին:
«Մեխանիզմների մշակման ու ներդրման առնչությամբ մենք դիմել ենք վարչապետին»,-ասաց Պիպոյանը:
Իսկ այն, որ հիմա է անցկացվել ուսումնասիրություն, ՀԿ նախագահը համարում է համակարգի կառավարման չիմացության, պետության փողերի նկատմամբ խիստ անտարբերության հետևանք:
«Նման խայտառակ բացահայտումից հետո մանկապարտեզներում լինելու էր զգոնություն, և այդ օրերին պետք չէր իրականացնել շրջայցեր՝ բացահայտելու իրական ռիսկերը: Պետությունն այն հարուստ երկիրը չէ, որ նման անարդյունավետ ստուգում իրականացվի: Նման շրջայցերն իրականացվում են ոչ իրական վտանգները բացահայտելու, երեխաների իրավունքները պաշտպանելու, այլ ընդամենը պետական ապարատի՝ քաղաքապետարանի, մանկապարտեզների տնօրենների, մատակարարների պաշտպանությանն ուղղված գործառույթ էր»,-ասաց Պիպոյանը:
Հիշեցնենք, երկու օր առաջ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ Երևան քաղաքում գործող 68 նախադպրոցական ուսումնական հաստատությունում (մանկապարտեզում) առկա կենդանական ծագման մթերքի պիտանելիությանը և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով 65 մանկապարտեզից վերցվել է թռչնամսի, մսի, հավկիթի 143 փորձանմուշ և ներկայացվել լոբորատոր փորձարկման:
Անասնաբուժասանիտարական և անվտանգության ցուցանիշների փորձարկումների արդյունքում պարզվել է, որ բոլոր նմուշները համապատասխանում են տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պիտանի են օգտագործման՝ առանց սահմանափակումների:
Պիպոյանի համար նաև անհասկանալի է, թե ինչու նմուշառումից ավելի քան տասն օր անց դեռ պատրաստ չեն վերամշակված թռչնամսի փորձաքննության արդյունքները:
«Անցել է ավելի քան տասն օր, այս ընթացքում հնարավոր չէ, որ որևէ լաբորատոր փորձաքննության պատասխան չունենան»,-կարծիք հայտնեց ՀԿ նախագահը:
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացրած փորձաքննությունը միայն մեկ պատասխան է տվել. Թռչնամիսն ունի կասկածելի թարմություն՝ շատ հարցեր թողնելով անպատասխան: Դրանց պարզաբանման համար նշանակվել է նոր փորձաքննություն:
Նախորդող հրապարակում՝
Պիպոյան. Քաղաքապետարանի կողմից անցկացվող մրցույթի կարգը լուրջ վերանայման կարիք ունի