Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է. «168 Ժամ»
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է: Ըստ «168 Ժամ»-ի հավաստի լուրերի, նրան պատկանող ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում:
«Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում են շուրջ 400-500 ջայլամներ: Ընկերությունը կոչվում է «ԱԿՎԻԼՈՆ-Մ», հիմնադրվել է 2010թ. հունիսին, տնօրենը Վարդան Մարտիրոսյանն է՝ Ագարակի գյուղապետի զարմիկը: Տեղեկատվական համակարգերում «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն գրանցված է որպես մսամթերք արտադրող, թեև հայտնի է, որ աշխարհում բարձր են գնահատվում նաև այս էկզոտիկ կենդանիների փետուրները, մորթին, կաշին, ձուն ու եղջերաթաղանթները:
Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ջայլամաբուծությունը համարվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը: Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, ունի 100-150 կգ քաշ: Ջայլամի ճուտն արժե մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը՝ մոտ 1000 ամերիկյան դոլար: Սակայն, ինչպես «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է Ագարակի գյուղապետ Մարատ Մարտիրոսյանը, «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն առայժմ միայն ծախսեր է անում և շահույթ չի ստացել, ջայլամները դեռևս փոքր են՝ 1 տարեկան 2 ամսական»,-գրել է թերթը: