«Տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակչի՝ պոլիկլինիկայում զննումը պետք է լինի պարտադիր պայման»
Յուրաքանչյուր երկրի նպատակն է առողջ պահել բնակչությանը և ոչ թե հիվանդ բուժել: Այս գաղափարախոսությունն է դրված առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման հիմքում: ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ նախարար Արմեն Մուրադյանը մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ֆինանսական հաշվարկները վկայում եմ, որ առողջության պահպանման առաջնային օղակի զարգացման այս մոդելը պետության համար տնտեսապես առավել ձեռնտու է:
«Առողջապահական տեսանկյունից` առաջնային օղակի զարգացման արդյունքում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում դիմելիության միջոցով կտրուկ կբարձրանա հիվանդացությունը, կնվազի մահացությունը»,- շեշտել է Արմեն Մուրադյանը:
Նա հիշեցրել է, որ սրտանոթային հիվանդությունները մեր երկրում լայն տարածում ունեն և մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում են 48 տոկոս։ Տոկոսային հարաբերությամբ հաջորդում են ուռուցքային հիվանդությունները (20 տոկոս) և շաքարային դիաբետը (5 տոկոս): Առողջության պահպանման առաջնային օղակի զարգացմանը, հանրային առողջության պահպանմանն են ուղղված նաև առաջիկայում հանրապետությունում մեկնարկող լայնածավալ սքրինինգային ծրագրերը:
«Առողջապահության ազգային ինստիտուտի առջև հստակ խնդիրներ են դրված, այդ թվում` բնակչությանն առողջ պահելու ազգային ծրագիրը, որի անկյունաքարը առաջնային բուժօղակի հզորացումն է»,- ասել է նախարարն` ընդգծելով, որ տարեկան մեկ անգամ յուրաքանչյուր բնակչի մոտ պոլիկլնիկայում զննում անցնելը պետք է լինի պարտադիր պայման:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է Համաշխարհային բանկին` պոլիկլինիկաների (2017-2018թթ.) արդիականացման խնդրով, հաշվի առնելով բնակչությանն առողջ պահելու գործառույթի առաջնահերթությունը: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավորություն կընձեռի հավելյալ ֆինանսական ռեսուսրսներ ուղղել դեպի առողջության պահպանման առաջնային օղակ:
«Կանխարգելիչ այցը նույնպես պարտադիր մաս է լինելու։ Այդ նոր չափորոշչի հաստատումով շարունակական կապ կապահովվի բնակչության հետ»,- նկատել է Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրումը նույնպես կնպաստի առողջության առաջնային օղակի զարգացմանը: Առողջապահության համակարգի գլխավոր պատասխանատուն կարևորել է հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև բուժանձնակազմի պատրաստակամ, արհեստավարժ և սիրալիր լինելու հարցը:
Արմեն Մուրադյանը հավաստիացրել է, որ նախարարությունը շահագրգռված է, որպեսզի առաջնային բուժօղակում անցկացվող մշտադիտարկումները լինեն օբյեկտիվ, իսկ արձանագրված թերությունները ստանան շուտափույտ լուծում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պոլիկլինիկաներին հատկացվող ֆինանսական ռեսուրսների ճիշտ բաշխմանը, անվճար տրամադրվող դեղորայքի դուրս գրմանը, զորակոչիկների պատվաստմանը վերաբերող և այլ հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա