«Անհոգ եղեք, մեր բանակն ամուր է, զինվորն ու սպան կանգնած են իրենց դիրքում». ՊԲ զորամասում (Տեսանյութ)
Զորամասերում մեծ է հոգևոր սպասավորների դերն ու նշանակությունը` միջանձնյա հարաբերությունների, ինչպես նաև հակաքրիստոնեական բարքերից զերծ պահելու հարցերում, կարծում է Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորմասի հրամանատարությունը:
Օրերս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռի կազմակերպած ուխտագնացությանը զինվորները հատուկ էին պատրաստվել:
«Ողջո՜ւյն հայոց բանակի արծիվներին»,- շարահրապարակում ձիգ կանգնած տղաներին ողջույն է տալիս Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Աստված օգնական, Սրբազան հայր»,- միաձայն պատասխանում է ողջ գումարտակը:
«Աստված պահապան ձեզ, սիրելի զինվորներ, առյուծասիրտ տղաներ»,- օրհնում է Բագրատ Սրբազանն ու շարունակում,- «Մենք երանելի սերունդ ենք: Երանելի ենք նրանով, որ մեզ է պատիվն ընկել հայոց հաղթանակները կռելու, մեր հազարամյա պատմության անարգանքը մաքրելու: Դուք եք այդ առաջնագծի պատիվը բարձր բռնողները, որի համար մենք՝ մեծով ու փոքրով, խոնարհվում ենք ձեր առջև: Ես ուրախ եմ, որ մանավանդ վերջին իրադարձությունների լույսի ներքո, հայոց բանակը՝ դուք, փաստեցիք և ցույց տվեցիք, որ մեզ համար ոչ մահ կա, ոչ վախ ու ավարտ կա: Եվ պատրաստ եք նույն կերպ ցանկացած պահի ցույց տալ հակառակորդին, թե ինչի է ընդունակ հայ զինվորն ու հայ մարդը»:
Առաջնագծում վերջին լարվածության ու հակառակորդի դիվերսիոն-հետախուզական գործողությունների ընթացքում հոգևոր սպասավորները զինվորների կողքին են եղել ու գոտեպնդել նրանց:
«Շատ զինվորներ կային, որ պատրաստ էին միշտ առաջ մղվել: Ասում էին՝ գնանք. վախ չկար, ոգևորություն կար, տարանջատում՝ ավագ, կրտսեր, չկար: Նույնիսկ նորակոչիկներն էին դիրքեր բարձրանալու ցանկություն հայտնում»,- պատմում է Ներսես սարկավագ Ղազարյանը, ով երկու ամիս է՝ ինչ անցել է զորամասում ծառայության:
Նա նշում է, որ զինվորները հենակետերում ևս փոքրիկ մատուռներ են կառուցում: Զորամասի հոգևոր սպասավորի խոսքով, իրենք ծառայում են և աշխատանքները բազմաթիվ են, իսկ զինվորները շատ դրական են արձագանքում: Կազմակերպում են հոգևոր զրույցներ, այցելում են եկեղեցի, մասնակցում պատարագի, ինչպես նաև մկրտություններ անում:
«Օրերս 7 զինվորի մկրտեցինք, իսկ այս պահին շատ զինվորներ են ցանկություն հայտնել մկրտվելու»,- ասում է նա:
Ներսես սարկավագ Ղազարյանը հայտնում է, որ զորամասում աղանդավոր զինծառայողներ էլ կան, խուսափում են սուր անկյուններ ստեղծելուց, բայց զրույցների շնորհիվ նրանցից մեկը ցանկություն է հայնտել մկրտվելու:
Գումարտակի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արսեն Շահնազարյանը կարծում է, որ հոգևորականների այցն ու հոգևոր սպասավորների ներկայությունը շատ կարևոր է և միաժամանակ պարտավորեցնող ոչ միայն սպայական անձնակազմի, այլև զինվորների համար:
«Դրանով իրենք հոգևոր սնունդ են ստանում: Անհոգ եղեք, մեր բանակն ամուր է, զինվորն ու սպան կանգնած են իրենց դիրքում և պատրաստ են իրենց առաջ դրված խնդիրը կատարելու: Զինվորները հոգեբանորեն լավ պատրաստված են և բարձր մարտական ոգի ունեն»,- ասում է նա:
Ուխտավորների զորամաս այցի ավարտին ուխտագնացությունն առաջնորդած Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին զինծառայող Դավիթ Պետրոսյանը նվիրում է Ղազանչեցոց եկեղեցու փոքրիկ մակետը:
Մանրամասն՝ Panorama.am-ի ռեպորտաժում:
Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ:
Կարդացեք նաև՝
Արցախի ՊԲ զորամասերից մեկում. եկեղեցին ու բանակը՝ ուս ուսի (Տեսանյութ)
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հայ զինվորի սրտում և բազկում եղած հոգևոր ջրտուքը որևէ ուժի առջև չի ծնկի
Հրամանատար. Սահմանը պաշտպանված չլիներ, հակառակորդը կկարողանար քաղել սադրանքների պտուղները (Տեսանյութ)
Ուխտագնացություն Արցախ. Սուրբ Պատարագ և Մկրտություն (Լուսանկարներ)
Պարգև սրբազան. Մեր խաղաղապահ ուժերը, մեր երաշխավորը մեր բանակն է (Տեսանյութ)
Մինչև 2015-ը Արցախը ենթակառուցվածքային շատ ավելի զարգացած համակարգ կունենա. ԼՂՀ ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Մենք մարդ հոշոտող չենք դաստիարակում, այլ հայրենիքի պաշտպան. ԼՂՀ ՊՆ (Տեսանյութ)
Մովսես Հակոբյան. Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ (տեսանյութ)
«Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու»
Մովսես Հակոբյան. Ոչ միայն Ադրբեջանն, այլև` աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող