Մեդվեդևի երևանյան այցը նախատեսված էր ԵՏՄ խորհրդի նիստի շրջանակներում
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցը նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստի շրջանակներում: Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մեդվեդևի հնարավոր այցին՝ Կառավարության վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Նախնական պայմանավորվածության համաձայն՝ սույն թվականի սեպտեմբերին Երևանում նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստ՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների մակարդակով: Նիստի անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կախված է մասնակից բոլոր կողմերի համաձայնությունից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե՝ կա նախնական պայմանավորվածություն ՌԴ վարչապետի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին, պետք է դիտարկել հենց այս համատեքստում»:
Հիշեցնենք, որ «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի բացման արարողության ժամանակ երկրի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՌԴ վարչապետի՝ Երևան կատարելիք այցի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն կա: