Ստեֆան Փաունդ. Ադրբեջանը ձախողված պետություն է
Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների վերջին դեպքերի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ստեֆան Փաունդի հետ:
Խոսելով Մեծ Բրիտանիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման մասին, որը նա անձամբ բարձրացրել էր Անգլիայի խորհրդարանում, Ստեֆան Փաունդն ասաց, որ ցեղասպանության ճանաչման հիմնական քաղաքական խոչընդոտները մի կողմից թուրք-բրրիտանական կապերն են` այն, որ Թուրքիան և Անգլիան ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են և որ Թուրքիայի դերը գնալով ավելի է մեծանում, հատկապես աշխարհում տիրող հակամարտությունների մեջ: Մյուս կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում Անգլիան ստիպված պետք է լինի նաև ճանաչել դարասկզբի այլ ցեղասպանությունները, ինչպիսին է օրինակ իռլանդացիների ցեղասպանությունը: Իսկ այն իրավական փաստարկը, որ ցեղասպանություն տերմինը սահմանվել է միայն 1946թ-ին և որ հետադարձ ուժ չի կարող ունենալ, Փաունդը համարում է զուտ անհեթեթ պատրվակ: Սակայն ըստ նրա որոշակի հույս այնուամենայնիվ կա և նա շարունակելու է պայքարել մինչև որ ցեղասպանությունը կճանաչվի Անգլիայի կողմից:
Խոսելով Ադրբեջանի կողմից վերջերս ավելի ագրեսիվ դարձած կեցվածքի ու հրադադարի խախտման դեպքերի մասին Փաունդն ասաց. «Ադրբեջանը ձախողված պետություն է (failed state)`կաշառակերությամբ լի պետություն առանց քաղաքական լեգիտիմության, որը լիովին կոռումպացված է բոլոր մակարդակներում: Այս պարագայում այն ամենը, ինչ կարող է շեղել ուշադրությունը Ալիևի կլանից, ինչպիսին են սահմանային միջադեպերը, դիտվում է որպես ցանկալի երևույթ – սա մեղքը արտաքին հանգամանքների վրա բարդելու քաղաքականություն է»:
Փաունդը նաև նշեց, որ սահմանային միջադեպերը Բաքվի այն քաղաքականության արդյունք են, որով նա ջանում է մշտապես հիշեցնել, որ հակամարտությունը շարունակվում է: Դրա մեկ այլ օրինակ է այն, որ Ադրբեջանը, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի, հատուկ չի ապահովում փախստականներին տներով և կացարաններով և նրանցից շատերը դեռ ապրում են վրաններում:
Խոսելով այն վտանգի մասին, որ Ադրբեջանը ներկայացնում է այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Փաունդն ընդգծեց այն փաստը, որ Հայաստանը սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի համար, իսկ Ադրբեջանը գոյության սպառնալիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար. «Պատերազմի ավարտին եթե հայկական բանակը ցանկանար, ապա կարող էր գրավել Բաքուն, ո՛չ մի արգելք չկար նրա դիմաց: Սա նշանակում է, որ հայկական կողմը չունի տարածքային նկրտումներ Ադրբեջանի հանդեպ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին»:
Պաունդը նաև դատապարտեց Ադրբեջանի տնտեսական շրջափակման քաղաքականությունը, մասնավորապես այն, որ Ադրբեջանի կողմից հարձակման վտանգը թույլ չի տալիս, որ Ստեփանակերտում գործի օդանավակայանը և ասաց, որ Ադրբեջանի տնտեսական պատերազմին պետք է վերջ դնել:
Ստեֆան Փաունդը նաև նշեց, որ նա բազմիցս այցելել է Ղարաբաղ և որ ցանկացած ոք, ով գեթ մեկ անգամ այցելում է Ղարաբաղ, տեսնում է, որ այնտեղ ամեն ինչ հայկական է` հողը, ջուրը, եկեղեցիները, և այն պնդումը, թե Ղարաբաղը ադրբեջանական է լիովին զավեշտալի է թվում:
Հարցին, թե ինչպես է նա վերաբերում այն փաստին, որ ինքը հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում Լեռային Ղարաբաղ այցելելու համար, Փաունդն ասաց, որ նա հպարտ է այդ ցուցակում հայտնվելու համար և որ դա Նոբելյան մրցանակի պես մի բան է իր համար:
Ստեֆան Փաունդը նաև ունի մի ծրագիր, որով նա փորձում է կապեր հաստատել Գյումրիի Լորդ Բայրոնի անվան դպրոցի և Լոնդոնի Իլինգ թաղամասի դպրոցների միջև:
Նվարդ Չալիկյան