Էդվարդ Նալբանդյանի այցը Թուրքիա. քաղաքագետներ
«Այս քայլով հայկական կողմը հերթական անգամ ցույց տվեց միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ է որոշակի նախաձեռնություն ցուցաբերել հայ-թուրքական հարաբերություներում: Մյուս կողմից` նախաձեռնության շնորհիվ գնդակը կրկին հայտնվեց թուրքական դաշտում»,- անդրադառնալով Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությանը, panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 28-ին Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատև զրույց է ունեցել Նախագահ Էրդողանի հետ, որին հանձնել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
«Հարկ է հիշել, որ այս տարվա ապրիլի 23-ին Էրդողանը ելույթ ունեցավ և փորձեց գնդակը տեղափոխել Հայաստան, սակայն դրա պատասխանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերն էր: Կարծում եմ, բոլորին է հասկանալի, որ եթե թուրքական կողմը ընդունի հրավերը, ապա դա միջազգային հանրության և հայության կողմից կնկալվի որպես Ցեղասպանության ճանաչում: Մյուս կողմից` հրավերը որևէ կերպ չնդունելը միջազգային հանրությունը կընկալի որպես հարաբերություների կարգավորմանը միտված դրական քայլ կատարելու մերժում, ինչը, բնականաբար, բացասական կանդրադառնա Թուրքիայի վարկանիշի վրա»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Բանախոսի խոսքերով, այս ամենի հետևանքով թուրքական կողմը, շախմատային լեզվով ասած, գտնվում է ցուգցվանգի մեջ:
«Վերջին 2-3 ամիսների ընթացքում Թուրքիան փորձում ամեն կերպ անտեսել և ուշադրություն չդարձնել հրավերի վրա: Սակայն Անկարայում շատ լավ գիտակցում են իրավիճակի երկրնտրանքի մեջ թաքնված վտանգը` հասկանալով, որ ինչպիսի որոշում էլ որ չկայացնեն, կորուստները անխուսափելի են լինելու: Կարծում եմ, որ երդմնակալության արարողությունը պաշտոնական հրավերը հանձնելու լավ առիթ էր»,- նշեց Ս.Մինասյանը:
Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով, Հայաստանը, նախաձեռնելով ֆուտբոլային դիվանագիտություն ևս մեկ անգամ ցույց տվեց որ պատրաստ է առանց որևէ նախապայմանների զարգացնել հարաբերություները իր հարևանների հետ:
«Հետագայում սակայն պարզ դարձավ, որ թուրքական կողմը պատրաստ չէ կառուցողական երկխոսության և հավատարիմ է իր նախապայմանների քաղաքականությանը: Ստեղծված պայմաններում այցը բնականաբար ուներ դիվանագիտական, արարողակարգային բնույթ: Սակայն դրան զուգահեռ Հայաստանը ևս մեկ քայլ է կատարեց` փորձելով ճշտել թուրքական կողմի վերաբերմունքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերին»,- ասաց Ալեքսանդր Մարկարով:
«Հաշվի առելով թուրքական կողմի ընդհանուր մատեցումերը, որոնք ևս մեկ անգամ արտահայտվեցին Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսաներեքյան ուղերձում, դժվար է ակնկալել, որ թուրքական կողմը ի վիճակի է որևէ կառուցողական քայլ կատարել: Դրա մասին են վկայում թուրքական կողմի վերջին պնդումները, թե իրենք չեն պատրաստվում ետ կանգնել Կիպրոսի և հայկական հարցերում իրենց դիրքորոշումներից: Հետևաբար, նման պայմաներում հայ-թուրքական հարաբերություններում որէ առաջընթաց ակնկալելը իրատեսական չէ»,- եզրափակեց Ալեքսանդր Մարկարովը` հավելելով, որ այս պահին դժվար է կանխատեսել թե կընդունի՞ արդյոք թուրքական կողմը հրավերը թե՞ ոչ, և եթե ընդունի, ապա ի՞նչ մակարդակով: