Դավիթ Հարությունյանը՝ Մարզահամերգային համալիրի աճուրդի, ՊՆ-ին հանձնելու մասին
«Մարզահամերգային համալիրը պետք է ի վերջո վաճառվի, կամ տրվի վարձակալության, կամ հավատարմագրային կառավարման: Բայց ողջ գումարը, որ ստանալու է պետությունը, ուղղելու է պաշտպանության նպատակներով, պաշտպանության նախարարությանը: Դրանով է պայմանավորված, որ այն այժմ գտնվում է պաշտպանության նախարարության բալանսում: Բայց, կարծում եմ, սա ընդամենը շահարկում է, թե մենք ենթադրում ենք, որ պաշտպանության նախարարությունը դառնալու է Մարզահամերգային համալիրի շահագործողը: Իհարկե, ոչ»,- նախօրեին «Հայլուր»-ին տված հարցազրույցում ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Մարզահամերգային համալիրը հանձնվեց պաշտպանության նախարարությանը:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՀՀ կառավարությունը պարտքի դիմաց հանձնել է պաշտպանության նախարարության հաշվեկշռին:
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե պնդումների համաձայն Մարզահամերգային համալիրի շենքը գնահատվել է Աջափնյակի բնակելի շենքերի 1քմ-ին համապատասխան արժեքով, ինչը նվազեցրել է կառույցի գինը, Դ. Հարությունյանը պատասխանել է. «Ցանկացած ապրանքի իրական գինն այն գինն է, որը պատրաստ են վճարել շուկայում: Եթե սա լիներ թերագնահատված, ապա չէր լինի այն իրավիճակը, որ վեց անգամ աճուրդները չկայացան, որևէ մեկը պատրաստ չեղավ վճարել: Դա նշանակում է, որ գինը ոչ թե թերագնահատված էր, այլ գերագնահատված: Եթե շուկայում չկա առաջարկություն գնելու այդ գույքը, ուրեմն այդ գինը շատ բարձր է»:
Արդյո՞ք համալիրի աշխատողներին սպառնում է գործազրկություն հարցին ի պատասխան, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նշել է. «Պաշտպանության նախարարությանն անցել է միայն գույքը՝ շենքը և հողատարածքը: Աշխատողներն ինչ-որ կազմակերպության աշխատողներ են, որն անվճարունակ է: Երբ մենք որոնենք ուղիներ՝ ինչպես է շահագործվելու համալիրը, մեծ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական խնդիրներին, փորձելու ենք ստիպել, պարտադրել, որպեսզի այն կողմը, ով գնելու է, կամ ընդունելու է հավատարմագրային կառավաման կամ վարձակալության, աշխատողներին ընդունի աշխատանքի: Ամեն ինչ անելու ենք, որ նրանց գործազրկություն չսպառնա»:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ շենքը հանվեց աճուրդի, Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «2004 թվականին համալիրը մասնավորեցրեցին Մուրադյան եղբայրներն իրենց կազմակերպությունների միջոցով: Մի եղբայրը 25 տոկոսի բաժնետերն էր, մյուս եղբայրը՝ 75 տոկոսի: Այն եղբայրը, որը 75 տոկոսի բաժնետերն էր, կուտակել էր վարկեր՝ գրավադրելով Մարզահամերգային համալիրը գույքը: Արդյունքում եղբայրները համաձայնության են գալիս պետության հետ, որ պետությունը 25 տոկոս բաժնետիրոջը կտրամադրի վարկ, ինքը կընդունի որպես գրավ շենքը և հողամասը, որի արդյունքում բանկերի վարկերը կփակվեն, իսկ 75 տոկոս բաժնետեր հանդիսացող եղբայրն իր բաժնեմասերը կհանձնի ընկերությանը: Արդյունքում 25 տոկոս բաժնեմաս ունեցող եղբայրը դարձավ ամբողջ համալիրի բաժնետերը՝ 100 տոկոսով, բայց համալիրի շենքը և հողամասը մնացին գրավադրված պետությանը՝ պետության կողմից տրամադրված վարկի դիմաց»:
Ի պատասխան այն հարցին, թե սեփականատերը պնդում է, որ եթե պետությունը 1-2 տարի ժամանակ տար, կկարողանար մարել վարկերը, Դ. Հարությունյանն ասել է. «Ցանկացած վարկ տրամադրվում է որոշակի պայմաններով, որոշակի ժամանակահատվածով: Այդ ժամանակահատվածն անընդհատ հետաձգվել է, երկարաձգվել է, ամեն անգամ, բնականաբար, հնչել են խոստումներ, որ մի քիչ էլ ժամանակ տվեք և վարկը կմարվի: Արդյունքում, կարծում եմ, պահն էր և պետք էր իրավական քայլեր ձեռնարկվեին»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին