Արցախի անկախության 23-րդ տարեդարձին նախատեսվում է զինվորական շքերթ և ռազմական տեխնիկայի ցուցադրություն. «Հրապարակ»
Հայաստանի քաղաքական վերնախավը այս տարի մեկ օր առաջ սկսել է տոնել Արցախի անկախության հռչակման 23-րդ տարեդարձը: Սեպտեմբերի մեկին խորհրդարանական պատվիրակությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ կմեկնի Արցախ: Տոնական միջոցառումների շարքում այդ օրը տեղի կունենա Երկրաբանական թանգարանի բացումը: Խորհրդարանական պատվիրակությունում ներկայացված կլինեն պատգամավորներ բոլոր խմբակցություններից. «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը, ինչպես նաև արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 2-ին, Արցախ կմեկնի նաև Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Կառավարությունից ասացին, թե տեղյակ չեն իրենց մասնակցության մասին: Այնուամենայնիվ, կլինեն բազմաթիվ հյուրեր նաև դրսից, գեներալիտետը՝ անխտիր: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նախատեսվում են նաև զինվորական շքերթ և ռազմական տեխնիկայի ցուցադրություն: