Սեպտեմբերի 1-ն ու առաջին դասարանցիների հոգեբանական խնդիրները
Լինել հաստատակամ ու երեխաների լացը հաշվի չառնել: Հոգեբան Մարինա Թոզալաքյանի խորհուրդն է այն ծնողներին, ովքեր առաջին անգամ իրենց երեխաներին տանելու են դպրոց ու հնարավոր է խնդիրների առաջ կանգնեն: Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առաջին դասարան այցելող երեխաների հիմնական խնդիրը կապված է լինում հարմարման հետ:
«Իհարկե, եթե երեխան հաճախել է մանկապարտեզ, ավելի հեշտ է հարմարվում նոր միջավայրին: Երեխաները դժվարությամբ են հարմարվում իրենց կամքին հակառակ, «ստիպողաբար» որոշ դասընթացներին մասնակցելուն: Կարող են այդ դասընթացները հետաքրքիր լինեն, բայց դեռ խաղի փուլից անցած չեն լինում ուսման լիարժեք փուլ»,- ասաց հոգեբանը:
Ըստ մասնագետի, հարմարման գործընթացը պետք է աստիճանաբար լինի, դա հիմնականում ուսուցիչների խնդիրն է՝ երեխայի հետաքրքրությունն ակտիվացնել, որպեսզի այդ հետաքրքրությունը գերակշռող դառնա, քան հարմարման խնդիրը:
Մարինա Թոզալաքյանի խոսքով, տարածված խնդիր է նաև ծնողներից բաժանման պահը. «Երեխան դպրոցում չի թողնում, որ ծնողը վերադառնան տուն, ստիպում է, որ իր հետ մասնակցի դասերին: Հաճախ դա ավելի երկար է տևում, քան մեկ շաբաթը: Ծնողն էլ, ուուցիչն էլ պետք է հաստատակամ լինի, հաշվի չառնի լացը: Պետք է բացատրել, որ թույլ չի տրվում, որ ծնողը մասնակցի դասին, բայց մեկ շաբաթ թույլ կտան: Ամեն օր պետք է ասվի, որ մեկ շաբաթից ավելի հնարավոր չէ: Մեկ շաբաթից հետո ծնողն արդեն չպետք է գա»:
Հոգեբանի խոսքով, եղել են դեպքեր, երբ ծնողները դիմել են իրեն նախքան դպրոց հաճախելը, ամռան ամիսներին՝ կանխատեսելով, որ երեխան սեպտեմբերի 1-ին կարող է խնդիրներ ունենալ դպրոց հաճախելու հետ կապված:
«Միասին աշխատում ենք խնդիրը լուծելու ուղղությամբ, որպեսզի սեպտեմբերի 1-ին որևէ դժվարություն չառաջանա»,- ասաց Մ. Թոզալաքյանը:
Մասնագետը նշեց, որ այն ծնողները, ովքեր մինչև 3 տարեկան լինում են իրենք երեխաների կողքին, դուրս գալուց առաջ բացատրում են, թե ուր են գնում, ինչու են գնում, նման դեպքում երեխաներն ավելի ինքնուրույն են լինում և դպրոցում, և մանկապարտեզում:
«Այն ծնողների երեխաները, ովքեր փորձում են թաքուն դուրս գալ, որպեսզի երեխաները չտեսնեն ու չլացեն իրենց հետևից, հանկարծակի կորում են երեխայի դեսադաշտից, ավելի շատ են կապվում ծնողների հետ ու ավելի շատ են մանկապարտեզ կամ դպրոց գնալուց խնդիրներ ունենում»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ավելի շատ տղաների՞, թե՞ աղջիկների մոտ է դպրոց հաճախելիս խնդիրներ ծագում, հոգեբանն ասաց, որ որևէ նման վիճակագրություն չկա. «Ուղղակի տղաներն ավելի ցավագին են տանում մորից բաժանվելը, քան աղջիկները: Աղջիկները հակված են ավելի ինքնուրույն լինելուն»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները