Ջ. Ուորլիք. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Ուելսում հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարի մասին` ամերիկացի դիվանագետը փաստել է, որ «Հայաստանում և Ադրբեջանում ոչ ոք ավելի լավ չի հասկանում հակամարտությունը, քան երկու նախագահները»:
«Նրանք ապրում են այդ խնդրով, նրանք այն մարդիկ են, ովքեր որոշումներ են կայացնում, մեր խնդիրն է մերձեցնել նախագահներին: Օգոստոսի 10-ին նրանք հանդիպեցին նախագահ Պուտինի հետ Սոչիում: Ես չգիտեմ բանակցությունների բոլոր մանրամասները, սակայն հասկանում եմ, որ քննարկումները լուրջ էին: Եվ հույս ունեմ, որ նրանք ունակ էին նվազագույնը ուրվագծել առաջ շարժվելու թեմաները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նախագահ Օլանդի միջնորդությամբ կրկին հանդիպել Փարիզում հոկտեմբերի վերջին»,- նշել է Ուորլիքը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ցանկության և պատրաստ լինելու դեպքում հնարավորություն կա հանդիպել և՛Ուելսում հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի, և՛ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:
«Պետքարտուղար Քերին պատրաստ է անձամբ դեր խաղալ այդ հակամարտության կարգավորման գործում, եթե իր մասնակցությունը կարող է օգնել կարգավորմանը հասնելուն: Մենք կոչ ենք անում կողմերին լրջորեն ընդունել այդ հնարավորությունները: Բանը միայն արտգործնախարարների և նախագահների հանդիպումներ կազմակերպելը չէ: Անհրաժեշտ է գործընթացը բարձրացնել այլ մակարդակ, որը կհանգեցնի խաղաղ կարգավորմանը: Ուստի, եկե՛ք սկսենք»,- ասել է դիվանագետը:
Անդրադառնալով հուլիսի վերջին սկսված հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին` ամերիկացի համանախագահը շեշտել է, որ Մինսկի խումբը ջանքեր է գործադրում, որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը, և հուլիսի վերջին լարվածության մեծացումը լուրջ անհանգստություն է առաջացրել միջնորդների մոտ:
«Տասնյակ մարդկային զոհերի հանգեցրած նման բռնությունը մեզ հետ է շպրտում խաղաղությանը հասնելու ճանապարհից: Ոչ ոք շահագրգռված չէ հակամարտության սրմամբ, և չկա խնդրի ռազմական լուծում: Լուծում գտնելու համար պետք է աշխատել և կրկնապատկել մեր ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ: Հրադադարի ռեժիմի պահպանումը դրա առաջնային պայմանն է, և մենք հույս ունենք, որ վերջին շաբաթներին լարվածության թուլացումը կշարունակվի»,- նշել է Ջեյմս Ուորլիքը: