Աշխատասիրությունը հաջողության ամենամեծ գրավականն է. Առողջապահության նախարարի խորհուրդը` ապագա սերունդներին
Չնայած սեպտեմբերը նշանավորում է ամռան ավարտը, սակայն այն նաև սկիզբ է՝ ուսումնական տարվա սկիզբ: Սեպտեմբերի մեկը խորհրդանշում է նոր ուսումնական տարվա սկիզբ, գիտության և դպրության օրը: Այդ օրը ճանապարհները բոլորին տանում են դեպի հարազատ կրթօջախներ:
Սեպտեմբերի 1-ը տոն է նախ և առաջ առաջին դասարանցիների` դպրոցի «նոր բնակիչների» համար: Նրանց համար սեպտեմբերի 1-ը և՛ առաջին օրն է դպրոցում, և՛ առաջին զանգն է, և՛ առաջին դասն է, և՛ առաջին ուսուցչուհին է, առաջին դասընկերները:
Բազմաթիվ մանուկներ այսօր սրտի թրթիռով առաջին անգամ դպրոց եկան. շփոթված, մի քիչ վախվորած, բայց մեծ ուրախությամբ:
Հայկը մի քանի օրից կդառնա վեց տարեկան, սակայն ինչպես ինքն է ասում` արդեն տառերը գիտի, հաշվել կարողանում է:
«Անհամբեր սպասում էի, թե երբ եմ դպրոց գալու: Խոստացել եմ, որ լավ կսովորեմ»,- ասում է հուզված Հայկը:
Փոքրիկից պակաս հուզված չէին նրա մայրիկն ու տատիկը: Նրանք մեծ հուզմունքով, մեկը մյուսին ընդհատելով, պատմում էին, թե ինչքան խելացի բալիկ է իրենց Հայկը, որ նա արդեն գրաճանաչ է:
Անին էլ ոգևորված էր իր նոր հագուստով ու մեծ պայուսակով:
«Մամաս ինձ համար շաաատ գրիչներ, մատիտներ, տետրեր է գնել: Մեծանամ` նկարչուհի եմ դառնալու, սիրուն շորիկներ եմ նկարելու»,- ոգևորված պատմեց Անին:
Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցն այս տարի համալրվեց 234 փոքրիկներով: Դպրոցն այս տարի ունի 7 առաջին դասարան, որոնցից երկուսը ռուսական թեքումով։
Մինչ առաջին դասարանցիների դպրոց ոտք դնելը և իրենց դասարաներին ծանոթանալը, ողջույնի և շնորհավորանքների խոսքերով հանդես եկան Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, դպրոցի տնօրեն Նատալի Ստեփանյանը, ավագ դասարանցիներ:
Փոխքաղաքապետ Կամո Արեյանը դպրոցականներին ուսման մեջ հաջողություն մաղթեց. «Խնդրանքս է բոլորիդ՝ լցվել պատասխանատվությամբ, սա է բոլորիս առաքելությունն ու պարտքը: Ամենամեծ շնորհավորանքն եմ հղում այն մանկավարժին, որն առաջինը կբռնի մանկան ձեռքն ու կսովորեցնի մեսրոպատառ հայերենի առաջին տառը»:
Դպրոցի տնօրեն Նատալի Ստեփանյանն էլ շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին, որոնք իրենց երեխաներին վստահել են և բերել Պուշկինի դպրոց: Նա խոստացավ ջանք չխնայել՝ երեխաներին կրթելու և դաստիարակելու հարցում։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այսօր նույնպես այցելել էր իր հարազատ՝ Պուշկինի անվան դպրոց և մասնակցեց նոր ուսումնական տարվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ դպրոցում իր առաջին քայլերն արել է երեսունվեց տարի առաջ. «Իմ առաջին ուսուցչուհին Մարգարիտա Աբրահամովնան էր: Հիշեցի այն բոլոր ուսուցիչներին, որոնց հետ կապված են իմ մանկական լավագույն հիշողությունները: Շատ հուզումնալից ու ոգևորիչ օր է»:
Նախարարը հիշելով իր դպրոցական տարիները նախ անկեղծացավ` ասելով, որ չի փայլել առաջադիմությամբ, սակայն եղել են առանձին առարկաներ, որոնք սիրով պարապել է, եղել են նաև այնպիսիները, որոնք չի սիրել:
«Չեմ ուզում սեպտեմբերի 1-ին մեր մանուկներին նման օրինակ ծառայել, որ առանձին առարկաներից խուսափեն: Ինձ համար հիմնականում ծանր էին լեզվի դասերը, բայց պատմությունը, աշխարհագրությունը, հետո նաև այն առարկաները, որոնք կապված էին իմ ընտրած մասնագիտության հետ՝ մեծ հաճույքով էի սովորում»,- պատմեց նա:
Ա.Մուրադյանը ապագա սերունդներին հաջողության հասնելու խորհուրդներ էլ տվեց. «Աշխատասիրությունը հաջողության ամենամեծ գրավականն է: Երկրորդը՝ ընկերություն անելու հնարավորությունը: Հետո, իհարկե, ընտանիքը, ծնողները, հայրենիքը: Կարծում եմ՝ այս գաղափարներն ընկալելն այս տարիքում դեռ շուտ է և շատ բան կախված է ծնողներից, թե ինչպես են նրանք կարողանում երեխաներին ներկայացնել այս գաղափարներն ու օրինակ ծառայել նրանց համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա