Դ. Մեդվեդևը Հայաստան չի գա. Yerkir.am
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան չի գա: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե նախնական պայմանավորվածության համաձայն, Դ. Մեդվեդևը սեպտեմբերի 8-9-ը կլինի Հայաստանում:
«Պայմանավորվածություն կար, որ վարչապետերը այցելեն Հայաստան, բայց հիմա հարցը տեղափոխվել է նախագահների դաշտ: Ինչպես գիտեք, Նազարբաևը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին նախագահները հավաքվելու են Մինսկում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե Նազարբաեւը չի բացառել, որ Ղազախստանը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից, Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել անդրադառնալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարության վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը Panorama.am-ին ասել էր. «Նախնական պայմանավորվածության համաձայն՝ սույն թվականի սեպտեմբերին Երևանում նախատեսված էր Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի արտագնա նիստ՝ ԵՏՄ անդամ երկրների վարչապետների մակարդակով: Նիստի անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կախված է մասնակից բոլոր կողմերի համաձայնությունից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե՝ կա նախնական պայմանավորվածություն ՌԴ վարչապետի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին, պետք է դիտարկել հենց այս համատեքստում»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան