Լեռնապարում նոր ուսումնական տարին դիմավորել են նորակառույց դպրոցում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի Լեռնապար և Նիգավան համայնքներ: Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը եղել է համայնքների դպրոցներում, այնուհետև հանդիպել բնակիչների հետ:
Լեռնապար համայնքում նոր ուսումնական տարին աշակերտները դիմավորում են նորակառույց դպրոցում, իսկ Նիգավանի դպրոցը դռները բացել է վերանորոգումից հետո: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Մարզերում դպրոցների շենքային պայմանների բերելավման խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք շարունակելու ենք կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը և կարևորում ենք, որ մարզերի դպրոցներում նույնպես աշակերտների համար լավագույն պայմաններ ստեղծվեն»,-նշել է փոխվարչապետը:
Լեռնապարի միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 392 մլն դրամ, դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար:
Նիգավան համայնքում փոխվարչապետը ներկա է գտնվել վերանորոգված նախակրթարանի բացմանը: Նախակրթարանի և դպրոցի շենքերի վերանորոգումն իրականացվել է պետական և «Փրկեք երեխաներ» բարեգործական կազմակերպության միջոցներով: Մարզերի առաջնահերթ խնդիրների հրատապ ծրագրերով շուրջ 42 մլն դրամ է հատկացվել դպրոցի ուսումնական մասնաշենքի հիմնանորոգման նպատակով, իսկ «Փրկեք երեխաներ» կազմակերպությունը նախակրթարանի, մարզադահլիճի վերանորոգման, սանհանգույցների կառուցման համար 43 մլն դրամ է հատկացրել:
Փոխվարչապետը հանդիպել է նաև այս երկու համայնքների բնակիչների հետ: Երկու համայնքներում էլ խնդիրները նմանատիպեն եղել. բարձրացվել են մայրուղուց համայնքներ տանող ճանապարհի բարեկարգման, խմելու ջրի մատակարարման, հողօգտագործման հետ կապված հարցեր:
Նիգավանում բնակիչները նաև բարձրացրել են համայնքի վարչական տարածքում գտնվող Ապարանի աղբավայրի տեղափոխման հարցը: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարել է Քաղաքաշինության նախարարության և Ապարանի քաղաքապետարանի պատասխանատուների մասնակցությամբ ուսումնասիրել խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա