Վարչապետը ներկա է եղել Մասիսի և Վարդաշենի դպրոցների բացմանը (լուսանկարներ)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում մասնակցել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմանը:
Մասիսի 245 աշակերտի համար նախատեսված թիվ 5 ավագ դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 460 մլն դրամ, իսկ Վարդաշենի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման նպատակով` 760 մլն դրամ: Ուսումնական հաստատությունները համալրվել են նոր գույքով, ուսումնական պարագաներով և աշակերտների համար անհրաժեշտ այլ միջոցներով: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ իր համար այսօր կրկնակի ուրախություն է լինել նորակառույց և հիմնանորոգված դպրոցներում:
«Հայ ժողովրդի ապագան գիտելիքն է, և ես ցանկանում եմ խնդրել, հորդորել մեր աշակերտներին՝ այս ոսկե տարիներն օգտագործել արդյունավետ ու ձեռք բերել հնարավորինս շատ գիտելիք»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Արցախի ապագան լավ գիտելիք ունեցող սերունդն է:
«Կառավարության նպատակը գիտելիքահեն տնտեսություն ունենալն է և մենք մշտապես լինելու ենք կրթության բնագավառի կողքին: Դպրոցը հասարակության և պետության հենարանն է, և լիարժեք կրթական համակարգի կայացումը, ցանկացած կառավարության հիմնախնդիրն է: Արդի աշխարհում գիտելիքն է տնտեսության շարժիչ ուժը, և Հայաստանը, միջազգային ասպարեզում մրցունակ դարձնելու գրավականը»,- դիմելով աշակերտներին՝ ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հավաստիացրել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու կրթական համակարգի շարունակական կատարելագործմանը վերաբերող հարցերը՝ առաջնահերթ համարելով գիտելիքով զինված և կրթված հասարակություն ունենալու անհրաժեշտությունը:
Հովիկ Աբրահամյանը շրջել է Մասիսի և Վարդաշենի դպրոցներով, ծանոթացել կատարված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա