«Արցախն այսօր ավելի ժողովրդավար է, քան հարևան, սպառնալիքներով լեցուն հանրապետությունը»
1991 թ-ի աշնանը Արցախի անկախության հռչակումը խիստ անհրաժեշտ որոշում էր, որն ադրբեջանական կողմը սվիներով դիմավորեց: Այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Նրա խոսքով, Արցախն Ադրբեջանի կազմում՝ իբրև մարզի կամ այլ միավոր, երբեք չի եղել ու պահել է իր դիրքն անկախ իրավիճակից:
«Այսօր Արցախն իր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ունի ձեռքբերված նվաճումներ ու, հավատարիմ ժողովրդական սկզբունքներին, պահպանում է իր դերը միջազգային հարթակում: Արցախն այսօր ավելի ժողովրդավար է, քան հարևան, սպառնալիքներով լեցուն հանրապետությունը, որ փորձում է խաղի կանոններ թելադրել, բայց մոռացել է, որ կա Արցախի պաշտպանության բանակ, որն էլ կոփվել է հենց ազատագրական մարտերում: Այդ բանակն ունի ուժ և թշնամու յուրաքանչյուր գործողությանը հակահարված հասցնելու կարողություն»,- ասաց Էդիկ Մինասյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի վերջին դիվերսիոն-հետախուզական հարձակումներին, պատմաբանը նշեց, որ հարևան երկիրն ամեն անգամ ժողովրդի ու հզոր բանակի միասնականությանն է բախվում:
«Վերջին դեպքերը հաստատեցին միասնության ոգու ու միասնական հանդես գալու, սեփական հայրենիքը պաշտպանելու մեր վճռականությունը: 18-20 տարեկան երիտասարդները մտնում են մարտական գործողությունների մեջ և ունեն ոգու ամրություն»,- շեշտեց նա:
ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանն էլ խոսեց ճանաչման գործընթացից ու նկատեց, որ դիվանագիտական պետական միտքն ու մարմինները չկարողացան հասնել նրան, որ դե յուրե ճանաչումը տեղի ունենա վերին աստիճանի արագ:
«Ճանաչումը բավական արագ կարող էր լինել 1992-ին կամ 1994-ի մայիսին: Մեր դիվանագիտական միտքն ու մարմինները չեն կարողացել աշխատել այնպես, որ գոնե Ղարաբաղի ու նրա շուրջ կոնֆլիկտը չանվանվեր հայ-ադրբեջանական»,- ասաց նա:
Ըստ Լարիսա Ալավերդյանի, եթե Ադրբեջանն ունենար մեր փաստարկների տասը տոկոսը, Հայաստանն ամեն տեղ զրկված կլիներ ձայնի իրավունքից:
«Արցախն ավելի ակտիվ պետք է ընդգրկվի ամենատարբեր միջազգային ծրագրերի ու պրոյեկտների մեջ: Չպիտի լինի մի պրոյեկտ՝ տարածքների, մարդու իրավունքների հետ կապված, որտեղ Արցախի ներկայացուցիչները չլինեն»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները