Վ. Սաֆարյան. ՀՀ-ի համար ստեղծվել են լավագույն պայմանները
«Հայաստանի համար ստեղծվել է լավագույն պայմանները Ռուսաստան արտահանող արտադրանքի ծավալներն ավելացնելու համար: Կառավարությունը պետք է կարողանա ճկուն քաղաքականություն իրականացնել, որպեսզի կարողանանք մեր մթերքն ավելի շատ ծավալով արտահանել ռուսական շուկա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Միաժամանակ նա նշեց, որ արտահանման ծավալների ավելացումը չպետք է լինի հայ սպառողի հաշվին, այսինքն չպետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանում գները բարձրանան: Այդ իրավիճակից խուսափելու համար, Վ. Սաֆարյանն ասաց, որ Հայաստանում այսօր կա 140 հազար չմշակվող հողատարածք, պետք է մշակել դրանք. «Մշակման լավագույն ձևը կոլեկտիվ կոորպորացիաներ ստեղծելն է, որի վերաբերյալ կառավարությունն ընդունած որոշում ունի»:
Նա ասաց, որ այսօր Հայաստանը ՌԴ շուկայում իրացնում է 11-11,5 միլիոն լիտր կոնյակ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Ըստ նրա, պետք է կարողանալ հայկական գինու արտահանման ծավալներն էլ հասցնել այդ մակարդակի: Իսկ դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է որակի բարձրացում, գովազդ:
Վ. Սաֆարյանի խոսքով, ռուսական շուկան պահանջում է հայկական տրիկոտաժ, կոշկեղեն. «Կառավարությանն առաջարկ ենք ներկայացրել որոշակի մաքսային սահմանափակումներ մտցնել կաշվի արտադրության վրա: Հայաստանից տարեկան 3500-4000 տոնա կաշի է արտահանվում Թուրքիա, Իրան, Չինաստան, Հնդկաստան, որտեղ այն վերամշակվում է ու մի մասն արդեն որպես պատրաստի արտադրանք վերադարձնում են Հայաստան»:
Վ. Սաֆարյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանի կառավարությունը պետք է մոբիլիզացիոն քաղաքականության իրականացնի, հաշվարկի ներքին ռեսուրսները, ինչ կարող է արտադրել ու իրացնել ՌԴ շուկայում, քանի որ այսօր ստեղծված հնարավորությունը պետք է անպայման օգտագործել: