Apple. Աստղերի ինտիմ լուսանկարները հաքերները գողացել են գաղտնաբառերի միջոցով
Հոլիվուդյան աստղերի ինտիմ լուսանկարներն անհայտ հաքերները գողացել են գաղտնաբառերը հավաքելով, բայց չեն կոտրել Apple-ի ծառայությունները: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Երբ մենք իմացանք տեղի ունեցածի մասին, անմիջապես մոբիլիզացրինք Apple-ի մասնագետների ուժերը՝ տվյալների արտահոսքի աղբյուրը բացահայտելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից տեղեկացնում են, որ 40 ժամ անց եկել են եզրակացության, որ հարձակումը եղել է նպատակադրված և կոտրել են աննուները, գաղտնաբառերն ու գաղտնահարցերը: Այս պրակտիկան տարածված է ինտերնետում:
Ընկերության տեղեկություններով, ուսումնասիրված դեպքերից որևէ մեկը համակարգը կոտրելու արդյունք չի եղել, ներառյալ՝ iCloud կամ Find my iPhone ծրագրերը:
«Մենք շարունակում ենք աշխատել իրավապահ մարմինների հետ՝ հանցագործներին հայտնաբերելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Apple-ը բոլոր օգտագործողներին կոչ է արել համապատասխան կերպով պաշտպանել տեղեկությունը, ընտրել մեծատառերի և փոքրատառերի, ինչպես նաև թվերի ու նշանների կիրառմամբ բարդ գաղտնաբառեր:
Բացի այդ, Apple-ի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործողներին մտածել բարդ պատասխաններ գաղտնահարցերի համար, որոնք հնարավոր չի լինի գուշակել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին անհայտ հաքերն ապօրինի կերպով աստղերի անձնական տվյալների արխիվի մուտք է ստացել և այդ լուսանկարները տեղադրել է համացանցում: Տուժել էին մոտ 100 հայտնիներ՝ դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսը, Քեյթ Ապտոնը, Քիրսթեն Ջանստը և այլք: