Էրդողանն Ալիևի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնել է Ադրբեջան: Նախքան Բաքու մեկնելն Էրդողանն Անկարայի Էսենբողա օդանավակայանում հայտարարությամբ է հանդես եկել և պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և գործընկերությանը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սթար գյունդեմ» լրատվական կայքը:
Էրդողանն ընդգծել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված հարցեր կքննարկեն:
«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարօրության հաստատումը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Տարածաշրջանում համապարփակ և շարունակական խաղաղությանն ուղղված աշխատանքներում փորձում ենք ակտիվ ներդրում ունենալ: Պարոն Ալիևի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքների շուրջ մտքեր կփոխանակենք: Կքննարկենք, թե Թուրքիան այս համատեքստում ինչ ներդրում կարող է ունենալ»,- ասել է Էրդողանը՝ համոզմունք հայտնելով, որ այս այցը երկու երկրների և ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունները էլ ավելի կամրապնդի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում