ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի վերջնական տարբերակն ուղարկվել է 4 երկրի կառավարություններին
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի վերջնական տարբերակն ուղարկվել է 4 երկրների կառավարություններին: «Նովոստի Արմենիա» կայքի փոխանցմամբ, այս մասին հաղորդել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
«Պայմանագրի վերջնական տարբերակը պատրաստ է և ուղարկվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կառավարություններին: Չորս երկրից յուրաքանչյուրում անցկացվում են ներպետական միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են նախագահների կողմից` 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը ստորագրելու համար»,-ասված է հաղորդագրությունում: Հանձնաժողովում նշել են, որ ստորագրման ժամկետի մասին վերջնական որոշումը պետք է ընդունեն 4 երկրի նախագահները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը նախատեսվում է ստորագրել հոկտեմբերի 10-ին Մինսկում` ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի մեկին ընդունել էր կառավարության առաջարկը և հանձնարարել ստորագրել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը: