
Ցեղասպանությունը հերքողները կազատազրկվեն. Հունաստան
Հունաստանի խորհրդարանը երեկ քննարկման է դրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը հայտնում է, որ օրենքը մշակվել է Հունաստանի արդարադատության նախարարության կողմից: Նախագիծը խորհրդարանում ընդունվելու դեպքում Պոնտոսի հույների, ասորիների և հայերի ցեղասպանությունը ժխտողները ազատազրկության կդատապարտվեն:
«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող և 6 կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:
Ակնկալվում է, որ 4-օրյա քննարկումներից հետո ուրբաթ օրը օրենքի նախագիծը քվեարկության կդրվի: Խորհրդարանի 101 պատգամավորներից 51-ի կողմ քվեարկելու պարագայում օրենքի նախագիծը կընդունվի:
Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: