Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ՝ Ուելսի մայրաքաղաքում . «ՀԺ»
Նախագահական նստավայրին մոտ կանգնած «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, թե Սերժ Սարգսյանը համաձայնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել այս շաբաթ՝ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Զոն Քերիին: Օգոստոսի 8-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած հանդիպումից հետո ԱՄՆ-ի համար կարևոր է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպել պրոցեսից մեկուսացվածի վիճակում չհայտնվելու համար: Ու քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի՞ Քարդիֆ թե ոչ, Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը կասկածի տակ է: Չնայած թերթի տեղեկություններով, Ալիևը նախնական համաձայնություն տվել է:
Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու նախաձեռնություն ցուցաբերեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ամիսներ առաջ տարածաշրջան կատարած այցի ընթացքում: