Խորովածի 6-րդ փառատոնը՝ սեպտեմբերի 6-ին
Ախթալայում ամենամյա խորովածի 6-րդ փառատոնը կկայանա սեպտեմբերի 6-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կազմակերպիչները տեղեկացրին, որ այս անգամ ևս նորություններ ու անակնկալներ են սպասվում: Խորովածի փառատոնին, մի շարք նորությունների կողքին, կառանձնանա զինվորական համազգեստով թիմը, ով բացի խորովածից այցելություներին կհյուրասիրի զինվորական սնունդ: Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ փառատոնին մասնակցելու է զինվորական նվագախումբ:
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ փառատոնն ուղղված է տուրիզմի զարգացմանը, տնտեսական վիճակի բարելավմանը. «Մենք շատ ենք խոսում խոհարարությունից, խորովածի պատրաստման եղանակներից, բայց համաշխարհային զարգացումներից հետ ենք մնացել: Միջոցառումը նպաստում է, որ զարգանա նաև ջերմային մշակման եղանակը: Մենք հասանք նրան, որ բնակչությունը սպասում է փառատոնին»:
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ զբոսաշրջության տեսակետից նման միջոցառումները կարևոր խնդիրներ են լուծում: Նա կարևորեց նաև պետական-մասնավոր սեկտորների համագործակցությունը:
«Իհարկե, փառատոնը զարգանալու տեղ ունի: Փառատոններն արդյունավետ միջոց են համաշխարհային շուկայում երկրի համայնքները գովազդելու առումով: Փառատոնի մասնակիցների թվում ավելացել են տուրիստական ընկերությունները, մեր հայրենակիցներից շատերը չգիտեին Ախթալայի մասին: Հիմա ընկերությունները տուր են կազմակերպում»,- ասաց նա:
Փառատոնին մասնակցելու են մեծ թվով հայտնիներ, տարբեր պարախմբեր: Փառատոնի մասնակիցներից The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը նշեց, որ երկար տարիներ դրսում է ապրել ու մասնակցել է խորովածի փառատոնների:
«Ես փորձեցի իմ աջակցությամբ ցույց տալ, ճիշտ չէ այն կարծրատիպը, թե որտեղ խորոված կա, այնտեղ մուղամ պետք է լինի»,- ասաց նա:
Փառատոնի կազմակերպիչներից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանն էլ կարևորեց փառատոնին կանանց և երիտասարդների ներգրավածությունը: