Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ գրասենյակը սպասում է ՌԴ ՄԻՊ-ի դիրքորոշմանը
Հայաստանի Մարդու իրավունքների գրասենյակը, ուսումնասիրելով ՌԴ օրենսդրությունը, պարզել է, որ այդ երկրում գործում է իրավական ակտ, որը սահմանում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում ցանկալի է, որ ազատազրկվածը չգտնվի կալանավայրում՝ հաշվի առնելով հիվանդության ծանրությունը: Հայ գործարար Լևոն Հայրապետյանի բժշկական պատմագրում կան հիվանդություններ, որոնք նշված են նաև այդ ցանկում: Panorama.am-ի հետ զրուցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցը:
Ե. Թումանյանցի խոսքով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Էլլա Պամֆիլովային` ուսումնասիրելու Լ. Հայրապետյանի հարցը. շեշտադրումը դրված է հենց նրա առողջական խնդիրների և դրանց պարագայում նրա՝ կալանավայրում գտնվելու փաստի վրա:
«Մեր ձեռքի տակ է եղել Լևոն Հայրապետյանի բժշկական պատմագիրը, թե ինչպիսի հիվանդություններ նա ունի: Կատարել ենք վերլուծություն, որն ամբողջությամբ ուղարկել ենք Ռուսաստանի Մարդու իրավունքների պաշտպան Էլլա Պամֆիլովային՝ խնդրելով մեր ուսումնասիրություններից բացի ինքն էլ ուսումնասիրի հարցն ու, ըստ անհրաժեշտության, միջոցներ ձեռնարկի»,- ասաց նա:
Ըստ Ե. Թումանյանցի, ՌԴ-ում գործող օրենսդրության համաձայն, բժշկական հանձնաժողովը պետք է ուսումնասիրի տվյալ մարդու բժշկական պատմագիրը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, տա եզրակացություն, իսկ դատարանը վերջնական որոշում կայացնի՝ արդյոք նման առողջական խնդիրներով մարդը կարող է մնալ կալանավայրում, թե պետք է այլ խափանման միջոց ընտրվի:
«Մենք կապի մեջ ենք Ռուսաստանի Մարդու իրավունքների գրասենյակի, Էլլա Պամֆիլովայի հետ: Նրանք այժմ ուսումնասիրություններ են կատարում, արդյունքների մասին կտեղեկացնեն: Մենք սպասում ենք նրանց դիրքորոշմանը»,- ասաց ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան Լ. Հայրապետյանը որոշ ժամանակով կալանավայրից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ որոշ անալիզներ հանձնելու: Այնուհետև կրկին նրան տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա» մեկուսարան:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բանեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին:
Նախորդող հրապարակումներ՝
Գործարար Լևոն Հայրապետյանը կրկին տեղափոխել են մեկուսարան
Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Լևոն Հայրապետյանը շարունակում է մնալ կալանավորված Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
«Ժառանգություն». Լ. Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ
Լևոն Հայրապետյանը կալանավայրում կորցրել է գիտակցությունը
Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին