ԴիջիԹեքում կներկայացվեն Made in Armenia նշումով աշխարհում մեծ պահանջարկ վայելող պրոդուկտներ
Հոկտեմբերի 3-5-ը «ԵրևանԷքսպո» ցուցահանդեսային համալիրում կանցկացվի ԴիջիԹեք Էքսպո 2014 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ու հաղորդակցության հարթակ ստեղծելը: Այս մասին հայտնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կազմակերպիչները նշում են, որ այս տարի իրենց խնդիրներից է ԴիջիԹեք էքսպոյի մասնակից ընկերությունների թիվը հասցնել 150-ի, իսկ այցելուների քանակը՝ մինչև 30 հազարի։ ԴիջիԹեքը Հայաստանում ամենամեծ ու ամենասպասված ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նկատում է, որ ԴիջիԹեքի թիրախային լսարանը և այցելուների 50 տոկոսից ավելին երիտասարդներն ու ուսանողներն են։
«Մեր ուղերձների հասցեատերերը հիմնականում երիտասարդներն են, ովքեր նաև մասնագիտական կողմնորոշում են ձեռք բերում՝ տեսնելով ապագայի զարգացման միտումները։ ԴիջիԹեքն այն գործիքներից մեկն է, որն ուղղված է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն։ Բացի այդ, ԴիջիԹեքն ամփոփ ներկայացնում է ՀՀ տեխնոլոգիական ոլորտը»,- ասել է Կարեն Վարդանյանը։
Իսկ Հայաստանի ՏՏ դաշտի ձեռքբերումները տպավորիչ են։ Վերջին տարիներին հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, պահպանելով տարեկան մոտ 25 տոկոս աճ, տպավորիչ միտումներ է արձանագրում։ Մասնավորապես, եթե նախկինում հայաստանյան ՏՀՏ ընկերություններն աշխատում էին դրսի պատվերները սպասարկելու ուղղությամբ, ապա աստիճանաբար հայկական ձեռնարկությունները ստեղծում են սեփական պրոդուկտները։ Արդեն իսկ կան մի քանի հայկական լուծումներ, որոնք շատ մեծ հետաքրքրություն են վայելում աշխարհում։ Այդ պրոդուկտները ներկայացվելու են ԴիջիԹեքում։ Մասնավորապես, Pixart-ը, որը Instagram-ի մրցակիցներից է, արտադրվում է Հայաստանում։
«Դրանք բոլորը Made in Armenia նշումով են, ինչն ըստ էության փոխում է Հայաստանի ՏՏ ոլորտը։ Ընկերությունները սկսում են արտադրել սեփական պրոդուկտները, ինչն ուրախալի է։ Այդ լուծումները սկսում են Հայաստանից վաճառվել»,-նշել է Կարեն Վարդանյանը։
Խոսելով ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթի մասին՝ Կարեն Վարդանյանը հայտնեց, որ 2013-ին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծրագրավորողների արտագաղթի ծավալները մեծ չեն։ Ամենամեծ արտագաղթը եղել է 2009 թվականին՝ մոտ 4,6 տոկոս։ Այդ թիվն աստիճանաբար նվազում է։ 2013-ին այն կազմել է 3 տոկոս։ Վերջիններս 10 տարվա փորձառություն ունեցող, մեծ նախագծեր ղեկավարող մարդիկ են, որոնց համար, ըստ Կարեն Վարդանյանի, պետք է Հայաստանում աճի հնարավորություն ապահովվի, որպեսզի չարտագաղթեն։
«Ես հույս ունեմ, որ Հայաստանը զարկ կտա տեխնոլոգիական ձեռներեցությանը և պայմաններ կստեղծի, որպեսզի մարդիկ կարողանան Հայաստանում ռեալիզացվել և ոչ թե գնան այլ երկրներ»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրենը։
Ցուցահանդեսն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Գլխավոր հովանավորն է ՅՈՒՔՈՄ ընկերությունը։