Գագիկ Հարությունյան. ՀՀ-ն հավասարակշռված քաղաքականություն է վարում և Արևմուտքի, և ՌԴ-ի հետ
Հայաստանյան հանրության մոտ 80 տոկոսը, սփյուռքահայերի մեծ մասը, ռուսաստանցիները ցանկանում են, որ Հայաստանն անդամակցի Եվրասիական միությանը: Այս տվյալները հիմնված են սոցիոլոգիական հարցումների վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Ըստ նրա, ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը լուծում է ռազմաքաղաքական անվտանգության խնդիր հենց Հայաստանի համար: Գ. Հարությունյանի խոսքով, այսօր պետք է հաշվի առնել ոչ միայն Ադրբեջանից բխող ռիսկերը, այլ նաև ծայրահեղ իսլամիստները մտադիր են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործողությունները տեղափոխել նաև Կովկաս: Նա նաև նշեց, որ այդ միությանն անդամակցությանը հնարավորություն է տալիս, որ Հայաստանը ՌԴ-ից զենք գնի գործարանային գնով, մինչդեռ հակառակ պարագայում ՀՀ-ի ռազմական ներուժը կնվազեր:
«Ռազմաքաղաքական առումով շատ ճիշտ քայլ էր և բխում է մեր ազգայն շահերից»,- ընդգծեց Գ. Հարությունյանը:
Նրա խոսքով, ԵՏՄ-ին միանալը նաև տնտեսական խնդիրներ է լուծում: Քաղաքագետը նշեց միայն էներգակիրների գինը. «Եթե մենք Ռուսաստանից գազ գնեինք միջազգային գներով, մեր պետության համար բարդ խնդիրներ կաջանային»:
Գագիկ Հարությունյանը հույս հայտնեց, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը կստորագրվի: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է վարում և Արևմուտքի, և ՌԴ-ի հետ: Բանախոսը հիշեցրեց, որ Հայաստանի նախագահը նախօրեին մեկնել է Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: