Չեմ պատրաստվում ուրախացնել նախկին, ներկա և ապագա կաշառակերներին. Կոստանյան
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր նշանակվելու վերաբերյալ լուրերը մոտ տասը տարի գնում են, ամեն տարի, ամեն ինչ-որ առիթի կամ առանց առիթի այդ թեման քննարկվում է, սակայն գործնական նման քննարկում երբեք չի եղել»: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցյում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ՄԻԵԴ-ում որպես Հայաստանի ամենահավանական ներկայացուցիչ դիտարկվում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
«Անկեղծ ասած` չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին, ներկա և ապագա կաշառակերներին, կոռուպցիոն և այլ հանցավոր դրսևորումներ ունեցող անձանց, որոնք շատ կուզենան, որ ես այս աշխատանքում և պաշտոնում չլինեմ: Իրենք ինձ պատրաստ են տեսնել ցանկացած այլ պաշտոնում, բայց ոչ այս պատշոնում»,- ասաց Գ.Կոստանյանը:
Հարցին, թե ովքեր են նման խոսակցություններ տարածողները, դատախազն ասաց, որ չի ցանկանում անուններ նշել, քանի որ կարծում է, որ բոլորը գիտեն այդ անունները:
«Ես վստահ եմ` անկախ նրանից, թե ով դժգոհ կամ գոհ կլինի, իմ գործունեությունը շարունակելու եմ առնվազն նույն հետևողականությամբ ու ոգևորվածությամբ, և դա տարածվելու է ոչ միայն դատախազական համակարգի վրա, այսինքն` հակակոռուպցիոն և օրինականության ամրապնդմանը, այլև իրավապահ մյուս համակարգերի, այդ թվում` քննչական և պետական այլ մարմինների վրա: Հետևաբար, անկախ նրանից, թե ով կոգևորվի կամ կերջանկանա իմ որևէ տեղ գնալու լուրերով կամ դիտավորյալ նման ապատեղեկատվություն կտարածի` դա իրենց խնդիրն է և ինձ բացարձակ չի մտահոգում»,- ասաց Գևորգ Կոստանյանը: