Սխալ մակնշված պաղպաղակներն այդպես էլ շուկայից չվերացան
Շուկայում այսօր էլ կան սխալ մակնշված ու անգամ արտադրման ամսաթիվը գրեթե չերևացող պաղպաղակներ: Խնդրի մասին ամիսներ առաջ ահազանգել էր «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն, սակայն իրավիճակը չի փոխվել: ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում սա որակեց վերահսկող մարմնի անհետևողական աշխատանքի արդյունք:
«Երկու տարի է, ինչ նույն խնդիրը քննարկվում է հանրության կողմից: Վերահսկող մարմինը հարցը պետք է լուծած լիներ: Ոչ միայն ծառայությունն իր գործառույթը չի իրականացնում, այլ սա արդեն վնաս է հասցնելու մեր տնտեսությանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ կազմակերպության իրականացրած դիտարկման արդյունքում իրացման ցանցում հայտնաբերվել էին այնպիսի պաղպաղակներ, որոնց վրա բացակայում է արտադրման ամսաթիվը, չկա սննդային հավելումների վերաբերյալ ինֆորմացիա, նշված չէ պաղպաղակի տեսակը, երբեմն էլ ընթեռնելի չէ մակնշումը և այլն:
Կազմակերպությունը մակնշման հետ կապված սխալներ է հայտնաբերել «Անի և Թամարա», «Աշտարակ կաթ», «Գրանդ Քենդի», «Ասա», «Երևան կաթ», «Էլիտ Շանթ», «Թամարա» ընկերությունների մի քանի ապրանքատեսակների վրա:
Խախտումների վերաբերյալ Պիպոյանը գրավոր նամակ էր հղել Սննդամթերքի անվտանգության ծառայությանը, ինչպես նաև օրենսդրական որոշակի փոփոխությունների առաջարկություն էր ներկայացրել: Պատասխանում ծառայությունը օրենսդրական կարգավորման մասին չի հիշատակել, ինչ վերաբերում է խախտումներին, խոստացել են հաշվի առնել հետագա ստուգումների ժամանակ:
«Սակայն պետք է ասել, որ շուկայում այսօր էլ կան սխալ մակնշված պաղպաղակներ, սա վերաբերում է նաև այն ընկերությունների արտադրանքին, որոնք արդեն ստուգման ենթարկվել են: Օրինակ, «Թամարա» ընկերության «20 կոպեկ»-ը, որի վրա նշված չէ պաղպաղակի տեսակը: Սա նշանակում է, որ այդ ստուգումները կրում են ֆիկտիվ բնույթ»,-ասաց Պիպոյանը:
Նա հիշեցրեց, Հայաստանը միացել է ռիսկերի մեթոդաբանությանը, իսկ դա ենթադրում է, որ արտադրությունում ստուգումները պետք է անցկացվեն այնպես, որ անգամ հաջորդ տարի ստուգման կարիք չլինի:
«Ստուգումը տուգանման համար չէ, այլ խախտումների վերացման: Իսկ եթե մեզ մոտ ստուգման հաջորդ օրը գնանք արտադրություն կարելի է խախտում գտնել: Այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես է ստուգումն արվել»,-ասաց ՀԿ նախագահը, կարծիք հայտնելով, որ այս պարագայում գործ ունենք ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլև կամքի բացակայության հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան