Առողջապահության նախարարն առաջարկել է բուժվող երեխաների նկարների ցուցահանդես-վաճառք կազմակերպել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցի «Մուրացան» պոլիկլինիկան սպասարկում է 11 000-ից ավելի 0-18 տարեկան երեխաների և շուրջ 3000 մեծահասակ բնակչության: Պոլիկլինիկայի կազմում է նաև բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոնը, որը զբաղվում է ժառանգական և մետաբոլիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Իրականացվում է նաև ֆենիլկետոնուրիայով տառապող երեխաների սկրինինգ և հետագա հսկողություն: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
2004 թվականից գործող խաղաթերապիայի սենյակում նախարարի այցելության ժամանակ բուժում ստացող երեխաները նկարում էին: Արմեն Մուրադյանը կենտրոնի հոգեբան Լուսինե Հովհաննիսյանին առաջարկել է երեխաների աշխատանքներից բարեգործական ցուցահանդես-վաճառք կազմակերպել` ստացված հասույթն ուղղելով անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելուն։
2007թ.-ից առ այսօր խաղաթերապիայի կաբինետում PMU InterLife կազմակերպության ծրագրի շրջանակում պոլիկլինիկայի և հիվանդանոցի բուժանձնակազմի հետ համատեղ իրականացվում է «Ընտանեկան կենտրոն» կրթական և զարգացման ծրագիրը` հիմնականում ծնողների շրջանում։
Հիվանդանոցի ուսումնական մասում նախարարը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտացմամբ: Արմեն Մուրադյանը լսարանում հանդիպել է նաև Հայաստանում բարձրագույն բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողներին:
Նախարարին ներկայացվել է հիվանդանոցի ավտոնոմ էլեկտրասնուցման համակարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա