«Հայկական Աննա Ֆրանկ»-ի պատմությունը. «Ներկայացրել եմ այն, ինչ իմ աչքով տեսել եմ Բաքվում»
25 տարի առաջ տասնմեկամյա Աննա Տերկոտ-Աստվածատուրյանը Բաքվից ծնողների և հնգամյա եղբոր հետ փախչում է Հայաստան: 1992թ. հունվարին նրանք տեղափոխվում են ԱՄՆ՝ իրենց հետ տանելով չորս ճամպրուկ, 180 դոլար, փախստականի կարգավիճակ: Աննան իր հետ տանում է նաև իր օրագիրը: Նա թղթին էր հանձնել այն ամենը, ինչին ականատես էր եղել 1988-1992 թթ. Բաքվում: Տասնյակ տարիներ անց նա իր օրագրի հիման վրա գիրք է գրում՝ «Nowhere, a Story of Еxile» («Այլուրեք, վտարում», հրատարակված ԱՄՆ-ում) :
«Գիրքը սկսեցի գրել, երբ 14 տարեկան էի: Երկու տարում ավարտեցի: Երկար ժամանակ չէի ուզում այն հրատարակել: Քսան տարի պահանջվեց մինչև ես համոզվեցի, որ պետք է ներկայացնեմ մի ընտանիքի պատմությունը, թե ինչպես Բաքվի հայերը դիմագրավեցին տառապանքներին, խոսեմ արցախյան պատերազմի մասին: Դա անհարժեշտ էր նաև իմ երեխաներին, որպեսզի նրանք չկտրվեին իրենց արմատներից»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:
Ըստ հեղինակի, շատ սփյուռքահայեր տեղյակ էլ չէին, թե ինչ է կատարվել Բաքվում. «Անընդունելի էր դա ինձ համար»:
Ասուլիսին ներկա ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն ասաց, որ այս գիրքը բացառիկ է այն առումով, որ մինչև հիմա Բաքվի ջարդերի մասին անգլերեն լեզվով գիրք չի եղել:
«Առաջին անգլերեն գիրքն է, որն աշխարհին ներկայացնում է Բաքում կատարված իրադարաձությունները, ողբերգությունը»,- ասաց նա:
Մ. Գրիգորյանի խոսքով, Աննա Տերկոտ-Աստվածատուրյանին կարելի է անվանել հայկական Աննա Ֆրանկ: Վերջինս հրեա էր, ով նույնպես օրագիր է ունեցել, որի մեջ ներկայացրել է իրենց դեմ կատարված ոճրագործությունը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ:
Բացի տպագիր տարբերակից, կա նաև գրքի էլեկտրոնային տարբերակը: Գրքի հազարավոր օրինակներ արդեն վաճառվել են, ինչպես նաև բաժանվել կոնգրեսականներին, ԱՄՆ քաղաքական գործիչներին:
Աննա Տերկոտ-Աստվածատուրյանը նաև ասաց, որ ինքը ինչպես ԱՄՆ տարածքում, այնպես էլ Եվրոպայում Արցախի անկախության ճանաչմանն ուղղված գործունեություն է ծավալում: Նրա և ամուսնու աշխատանքի արդյունքում ԱՄՆ-ի Մեն նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանում հանդես է գալու ելույթով՝ կրկին Արցախի թեմայով: