Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
ՀՀ Զինված ուժերի գնդապետ Արտակ Բուդաղյանի գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ քննիչը նաև համարել է, որ նա ավտոմեքենայում հարվածներ չի հասցրել Ավետիք Բուղաղյանին, չի մասնակցել ծեծին: Սակայն Սուրիկ Խաչատրյանի առանձնատան տեսախցիկներից մեկը, որը բացի տեսագրելուց, նաև ձայնագրել էր, հնարավորություն է տալիս ապացուցել Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի և Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի մեղքը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բուդաղյանների պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ի դեպ, Ս. Խաչատրյանի ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել, որ իրենց խոսակցությունը ձայնագրվում է: Փորձագետններին հաջողվել է չափով պարզեցնել խոսակցություններն ու վերծանված ձևով ներկայացնել քննությանը:
«Կարևոր խոսակցություններ են: Զարզանդ Նիկողոսյանը երբ գալիս է տուն, սկսում են քննարկել ավտոմեքենայում տեղի ունեցածը: Բաց տեքստով խոսվում է այն մասին, որ Ավետիք Բուդաղյանին ծեծել են, պարզ երևում է, որ ծեծողներից մեկը եղել է հենց Սուրիկ Խաչատարյանը: Զարզանդ Նիկողոսյանն ասում է՝ էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջեցրին: Այսինքն` իր խոսքերից երևում է, որ ինքը չի խփել, մնում են վարորդն ու Սուրիկ Խաչատրյանը: Կանացից մեկը հանդիմանում է՝ ինչու, այդ մարդու հայրը Սուրիկի ընկերն էր»:
Խոսակցության երկրորդ մասը արդեն բուն կոնֆլիկտն է: Շատ կարևոր է: Ակնհայտորեն հերքում է նախաքննական այն վարկածը, որ Խաչատրյանները Բուդաղյանների վրա կրակել են ինքնապաշտպանությունից դրդված:
Խոսակցության երրորդ մասում, երբ արդեն դեպքը տեղի է ունեցել՝ Բուդաղյան եղբայրներին, Նիկոլայ Աբրահամյանին տեղափոխել էին հիվանդանոց, պատրաստվում են ոստիկաններին դիմավորել: Քննարկում են, թե ինչ են անելու զենքերը: Ձայներից մեկը, որը Զարզանդ Նիկողոսյանն է, ասում է կտրեմ զենքերը, երկրորդ ձայն ասում է՝ իսկ օրինական զենքը, երրորդն էլ նշում է, թե օրինական զենք չկա»:
Հ. Ալումյանը խոսեց նաև Ս. Խաչատրյանի առանձնատան խուզարկության մասին: Ըստ նրա, չնայած առանձնատան մեծությանը, այն խուզարկվել է ընդամենը 35 րոպե, մեկ քննիչի կողմից:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել:
Բուդաղյանների պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը ՊՆ քննչական ծառայության քննիչի այս որոշումը վերացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատախազություն, սակայն այն մերժվել էր: Դրանից հետո միայն որոշվեց այն բողոքարկել դատարանում:
Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
Նախորդող հրապարակումներ՝
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը