«Yerevan City» ցանցին պատկանող 12 սուպերմարկետ կանցնեն Carrefour-ին. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ի հավաստի տեղեկությունների համաձայն, ֆրանսիական Carrefour ցանցի և «Yerevan City» սուպերմարկետների ցանցի միջև բանակցությունները, ըստ էության, ավարտվել են, և վերջնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել:
Ըստ այդմ, «Yerevan City» ցանցին պատկանող 12 սուպերմարկետ մինչև հաջորդ տարվա սկիզբը կանցնեն Carrefour-ին: Եվ դրանից հետո «Yerevan City» անվանումով սուպերմարկետներ Երևանում չեն լինի: Ըստ գործարքի, Carrefour-ը վարձակալելու է «Yerevan City»-ների միայն տարածքները, իսկ ներքին սարքավորումներով համալրումը ու կահավորանքը ամբողջությամբ իրականացնելու է իր չափանիշներով: Եթե հաշվի առնենք, որ արդեն մի քանի շաբաթից «Yerevan Mall» սկսելու է գործել նաև Carrefour-ի հիպերմարկետը, ապա կարելի է արձանագրել, որ շուտով Հայաստանում սպառողական ապրանքների մանրածախ առևտրի, ինչպես նաև ներկրումների ոլորտում տեղի կունենա արմատական փոփոխություն:
Մանրամասները ճշտելու նպատակով թերթին չի հաջողվել կապ հաստատել ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, ում ընտանիքին է պատկանում «Yerevan City» ցանցը: Թերթին չի հաջողել նաև մանրամասներ ճշտել Carrefour ընկերության հայաստանյան աշխատակիցներից: