Սահմանամերձ Լուսառատի դպրոցն ամբողջությամբ բարեկարգվել է
Սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականները նոր ուսումնական տարում կրթություն են ստանում բարեկարգ և ժամանակակից պայմաններում: Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հայտնում են, որ դպրոցի շենքի երկրորդ հարկն է վերանորոգվել, իսկ ներքին հարդարման և կահավորման աշխատանքներն իրականացվել են Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի միջոցով՝ ՀԿԽԸ նախաձեռնությամբ:
Սահմանամերձ, հիմնականում փախստականներով բնակեցված Լուսառատ համայնքի դպրոցը անմխիթար վիճակում էր: Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ ավելի վաղ վերանորոգվել է դպրոցի առաջին հարկը:
Նախօրեին բացման արարողությունը ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանն ասել է, որ որակյալ կրթությունը այն կարևոր նախապայմանն է, որ անհրաժեշտ է ապագա գիտակից քաղաքացիներ ունենալու համար:
«Կարևորելով դա, մեր ճապոնացի գործընկերների աջակցության շնորհիվ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ջանքեր չխնայեց` մեր երեխաների ուսման համար բարեկարգ պայմաններ ստեղծելու համար: Մնում է, որ դուք էլ նույն պատասխատավությամբ մոտենաք ձեր ուսմանը»,- նշել է նա:
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիսուկե Յամագիշին բարձր է գնահատել կատարված աշխատանքը. «Ճապոնիայի կառավարությունը շարունակում է իրականացնել սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը, ինչն ավելի կամրապնդի Հայաստանի և Ճապոնիայի բարեկամությունը»:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և ասել. «Կրթական օջախները հայ ազգի համար ունեն ռազմավարական նշանակություն, նրանք մեր պետականության հենասյուններն են: Որքան կիրթ սերունդ` այնքան ամուր պետականություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա