«Սովորական ցեղասպանություն» նախագծի հերթական աշխատանքը նվիրված է լինելու Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցին
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում իրականացվում է «Բաքվի ողբերգությունն ականատեսների աչքերով» նախագիծը, որը նվիրված է Բաքվի ջարդերի 25-ամյակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
«Մեր ստեղծագործական խումբը մեկնել է ԱՄՆ, հանդիպել ԱՄՆ-ում ապրող Բաքվի փախստականների հետ: Ստացվել է ծավալուն, հետաքրքիր նյութ, ունենք բացառիկ պատմություններ: Դրանք նոր ֆիլմի ու ժողովածուի համար հիմք կդառնան»,- նշեց նա:
Ըստ նախագծի ղեկավարի, ֆիլմը կլինի փաստագրային, միաժամանակ բեմադրական:
«Անշուշտ, պետք է գտնել Բաքվի ողբերգությունը ներկայացնելու նոր ձևեր: Մենք հիմք կվերցնենք մի քանի պատմություն: Շատ կարևոր է ներկայացնել, որ այդ ողբերգության պատճառով տառապել են ոչ միայն հայերը, այլ նաև այն ընտանիքները, որոնցում հայ է եղել՝ կինը կամ ամուսինը»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Արդեն 2015 թ. հունվարին` Բաքվի ջարդերի 25-րդ տարելիցին, կկայանա ֆիլմի պրեմիերան: Այն կներկայացվի նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը «Սովորական ցեղասպանություն» նախագիծը սկսել է իրականացնել 2009 թվականից: Մ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարիների ընթացքում նախագծի շրջանակներում ստեղծվել է Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և «Օղակ» գործողության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին հինգ լեզվով վավերագրական ֆիլմերի շարք, ստեղծվել է Karabakhrecords կայքը, հրատարակվել են գրքեր, տպագրվում են տեղեկատվական և քարոզչական նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան