«Հարևան երկրի բռնապետն անթաքույց հակառուսական ուղեգիծ է որդեգրել»
Վերջին շրջանում ադրբեջանական ԶԼՄ-ներում նկատելի է ակնհայտ հակառուսական շեշտադրումներով նյութերի ծավալի զգալի աճ, որտեղ հատուկ տեղ է հատկացվում նաև Ռուսաստանի նախագահի հասցեին երբեմն նույնիսկ ծաղրական հրապարակումներին: Իրանագետ Վարդան Ոսկանյանն է Facebook սոցիալական ցանցի իր էջում նման դիտարկումներ արել:
Իրանագետը գրել է. «Հաշվի առնելով այն, որ այս երկրի մամուլը գրեթե բացառապես ղեկավարվում և հրահանգավորվում է ալիևյան վարչակարգի կողմից, կարելի է եզրակացնել, որ հարևան երկրի բռնապետը փաստորեն որդեգրել է անթաքույց հակառուսական ուղեգիծ, ինչը վերջնականապես ցույց է տալիս, որ ռուսական քաղաքական վերնախավի մի հատվածի շրջանում տիրող պատրանքները, թե Ադրբեջանի հանդեպ կոմպլեմենտար մոտեցումները կարող են այս երկիրը վերադարձնել ռուսական աշխարհաքաղաքական ուղեծիր, բացարձակապես սին էին:
Ոչ միայն աչոք, այլ նաև մտոք կույր պետք է լինել չտեսնելու, որ մասնավորապես ռուսական զենքի և զինամթերքի վաճառքն ագրեսիվ հռետորաբանությունը և սպառնալիքները սեփական քաղաքական վարքագծի անկապտելի մաս դարձրած բռնապետին, ոչ միայն չեն մեղմել վերջինիս մոտեցումները, այլև նրան դարձրել են ավելի լկտի և անպարկեշտ՝ այդ թվում հենց Մոսկվայի հանդեպ, ուստի՝ նման քաղաքականություն ծրագրավորողները, հաշվի առնելով դրա լիակատար տապալումը, այսուհետ պետք է դուրս մղվեն ռուսական քաղաքական վերնախավից կամ առնվազն մարգինալացվեն:
Արհեստածին և տապալված պետական կազմավորումների վերաձևմանն ուղղված Ռուսաստանի դեռևս չբյուրեղացած քաղաքականությունը, որն արտահայտվում է Ուկրաինայի հանդեպ հիբրիդային տիպի պատերազմով և Ղազախստանի դեմ առայժմ միայն քարոզչական հարձակումով, կարող է վերջնականապես կայանալ Արևելյան Այսրկովկասում արդեն իսկ ծայր առած և նաև Հայաստանի ու Իրանի շահերից բխող տեղաբնիկ ժողովուրդների շարժումներին ռուսական աջակցությամբ:
Ընդ որում՝ գաղափարական հիմնավորումներն ի սկզբանե առկա են, քանզի ժամանակին այս տարածքները նվաճելով Իրանից, առաջին հերթին հենց Ռուսաստանն է ի վերջո պատասխանատվություն կրում անկախ իրենց կամքից թյուրքականության ջատագով Բաքվի բռնապետական վարչակարգի աննախադեպ ճնշումների տակ հայտնված թալիշների, թաթերի, լեզգիների, ավարների և այլ տեղաբնիկ ժողովուրդների ճակատագրի համար»:
Վարդան Ոսկանյանի վերլուծության տակ ծավալված քննարկմանը մասնակցել է Միքայել Յալանուզյանը, ով առաջարկել է իր տարբերակը. «Օրինակ՝ ճնշում են ռուսներին՝ ավելի շատ բան ստանալու համար: Իսկ ռուսները ադրբեջանցիներին զիջելու մեր տրադիցիաներ ունեն»:
Նա նաև հավելել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններին մեծ վերապահումով է վերաբերվում, քանի որ պատմական հարուստ փորձ կա:
«Ադրբեջանը շատ կարևոր է ռուսների համար, նրանք չեն համաձայնի կորցնել այն: Ու պատմությունը ցույց է տալիս, որ զիջումները Ադրբեջանին սովորաբար մեր հաշվին են լինում: Հիմա դա զենք կլինի, տարածք թե մի ուրիշ բան, կարևոր չի»,- գրել է Միքայել Յալանուզյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները