Ֆաթիհ Աքին. «Կան թուրքեր, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը»
Ցեղասպանությունը ապրած հայի մասին պատմող «Սպի» ֆիլմի ռեժիսոր գերմանաբնակ ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքինը կարծիք է հայտնել, որ թուրք հասարակության շրջանում աստիճանաբար տեղի է ունեցել Ցեղասպանության ընկալման փոփոխություն: Ռեժիսորն այս մասին խոսել է թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում:
«Լրագրող Հասան Ջեմալը Ցեղասպանության մասին գիրք ունի, ես ունեմ դերասան ընկերներ, ովքեր նույնպես այդ թեմայով աշխատանքներ ունեն: Կա թուքրերի մի խումբ, որն ընդունում է Ցեղասպանությունը, և այդ խումբը օր օրի ավելի է ընդլայնվում: Ֆիլմ նկարելու առումով, միգուցե ես առաջինն եմ, սակայն արդեն զգացվում է, որ ավելի հեշտ է դառնում քննարկել այդ թեման: Տասնամյակների տաբուներն ու արգելքները այսօր թուլացած են թվում»,- նշել է Աքինը:
Ըստ նրա` Ցեղասպանություն եզրույթն օգտագործելու բարդույթը իր մոտ օգնել է հաղթահարել Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը, ինչպես նաև Հրանտ Դինքի սպանությունը:
Ռեժիսորն անդրադարձել է նաև թուրք ազգայնականների կողմից իրեն ուղղված սպառնալիքներին և նշել, որ ինքը ֆիլմի վրա աշխատել է ավելի քան յոթ տարի, հետևաբար պատրաստ է դիմակայել իրեն ուղղված սպառնալիքներին: Վեջինս նշել է, որ նախատեսում ֆիլմը Թուրքիայում ցուցադրել այս տարվա աշնանը, իսկ հարցին, թե արդյոք դժվարությունների չի հանդիպելու այդ հարցում, Աքինը ասել է. «Ի՞նչ է, կինոթատրոնները վախենում են, որ որոշ մարդիկ բողոքի դուրս կգան: Եթե ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառում Գեզիի այգում բողոքողների նկատմամբ, որ նրանք հասարակական կարգ են խախատում, ապա այս անգամ էլ թող ոստիկանությունը գա և պաշտպանի կինոթատրոններին»:
Հարցազրույցում Աքինը անդրադարձել է նաև այն թեմային, թե արդյոք ֆիլմը նկարահանել է պատասխանատվության զգացումից` նշելով, որ իսկապես ինքը պատասխանատվություն է զգում, քանի որ թուրքական հասարակության մասն է:
«Ինչ վերաբերվում է ներողությանը, ապա ֆիլմը ներողություն չէ: Դու գնում ես այնտեղ և ներողություն խնդրում: Դա այլ է…»,- նշել է Աքինը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան