Իրանը սպառնում է պատժել իսրայելական անօդաչուին թռչելու իրավունք տված երկրին
«Իսրայելական անօդաչուին թռչելու իրավունք տված երկիրն Իրանի կողմից համարժեք պատասխան կստանա»,-այդ մասին իրանական «Ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Նշենք, որ օրերս Իրանի ԶՈւ հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից Նաթանզի շրջանում վնասազերծվել էր իսրայելական արտադրության անօդաչու սարք: Իսրայելական անօդաչու ինքնաթիռի վնասազերծումից հետո Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հայտարարել էր, որ անօդաչուն Իրանի տարածք է ներխուժել երկրի հյուսիսում գտնվող ԽՄՀՄ նախկին հանրապետություններից մեկից:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը, անդրադառնալով իսրայելական անօդաչուի հետ կապված միջադեպին, մասնավորապես նշել է. «Այն երկիրը, որը թույլ է տվել, որ իսրայելական անօդաչու ինչքնաթիռը խախտի Իրանի օդային տարածքը, պետք է մեր երկրին փոխհատուցում վճարի: Մենք դիմել ենք ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետին, որպեսզի Մեջլիսին ներկայացնի իսրայելական անօդաչուին թռիչքի թույտվություն տված երկրին, որ վերջինիս վերաբերյալ քաղաքական պատժի ենթարկելու մասին որոշում կայացվի: Այդ երկիրը համարժեք պատասխան կստանա և նա պետք է Իրանի կողմից սպասի իր կատարած քայլերի հետևանքին»:
Հավելենք, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած «Թաբնաք.իր» կայքի մեկնաբանն էլ, անդրադառնալով անօդաչուի կործանման փաստին, գրում է. «Այդ դեպքից դեռ երկու տարի առաջ ռազմական փոձագետները նշում էին, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրված «Հերմես 450» մոդելի անօդաչու ինքնաթիռների գործառույթն իրանա-ադրբեջանական սահմանում հետախուզական գործողություններ իրականացնելն էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում