Էդվարդ Նալբանդյան. ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացում շուտով կլինեն կոնկրետ արդյունքներ
«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցելու շուրջ ընթացող բանակցությունները գնահատում եմ դրական, շուտով կլինեն կոնկրետ արդյունքներ»,- Հայաստանի և Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ավստրիացի լրագրողի հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցության գործընթացը և ԼՂՀ-ն այդ բանակցություններում ի՞նչ դեր է խաղում:
Նախարարի խոսքով, Ղարաբաղի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով հայտարարություններ եղել են Հայաստանի, ՌԴ-ի կողմից, հստակորեն ասվել է, որ խոսք չի գնում այն մասին, որ ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական միությանը ԼՂՀ-ի հետ մասին. «Հայաստանի՝ Եվրասիական միությանn անդամակցության հարցում Լեռնային Ղարաբաղը խոչընդոտ լինել չի կարող»:
Ավստրիացի մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք Եվրասիական միությանն անդամակցելու որոշմամբ մահացել է ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ ասոցացման տարբերակը, թե ոչ, Է. Նալբանդյանն ասաց. «Մենք Եվրամիության հետ հրապարակել ենք համատեղ հռչակագիր, որտեղ ասված է համագործակցությունը շարունակել բոլոր հնարավոր ոլորտներում: Սա է Եվրամիությանը մեր մոտեցումը, շարունակելու ենք աշխատանքները, ջանքերը: Փոխանակել ենք նամակներ այս մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն նկարագրված են ձեռնարկվելիք քայլերը»: