ԼՂՀ ԱԳ նախարարն ու ֆրանսիացի խորհրդարանականները քննարկել են համագործակցության հեռանկարները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությանը։ Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել նման փոխայցելությունների կարևորությունը՝ երկկողմ կապերի շարունակական զարգացման ու ամրապնդման գործում։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել 2013 թ. ստեղծված Արցախ-Ֆրանսիա Բարեկամության շրջանակի գործունեությանը և բարձր գնահատել նրա կողմից տարվող աշխատանքներն Արցախ-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման և Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգն ընդլայնելու հնարավորություններն ու հեռանկարները:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի և մի շարք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: