Քեսաբահայերին հանձնվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 4-ից 6-ը այցելել է Քեսաբ և Լաթաքիա:
Սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գևորգյանը բարձր է գնահատել քեսաբցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին` քեսաբահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության և հոգատարության համար:
Արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսաբի քաղաքապետը քննարկել են քեսաբցիների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները իրականացումը:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին, Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները անցկացրել են հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար: