Ո՞ւր է 16-դարի գոբելենը, ե՞րբ կվերադառնա Հայաստան
«Հայաստանի ազգային պատկերասրահ»-ի 16-17-րդ դարերին թվագրվող գոբելենն այս պահին Փարիզում է, այն Հայաստան կբերվի հոկտեմբերին: Panorama.am-ին հայտնեց պատկերասրահի փոխտնօրեն Անուշ Հակոբյանը՝ անդրադառնալով փաստին, որ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը Ֆրանսիա արտահանված գոբելենը հայտարարագրված ժամկետում Հայաստան չվերադարձնելու համար ֆիննախի կողմից տուգանվել է 50 հազար դրամով:
Հիշեցնենք, որ գոբելենը արտահանվել է «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով 348 օր ժամկետով: Հետագայում այդ ժամկետը երկարաձգվել է արտահանման պահից մինչև մեկ տարի: Սակայն, օգոստոսի 7-ին մեկ տարին լրացել է, բայց Փարավոն Միրզոյանը գոբելենն այդպես էլ չի վերադարձրել Հայաստան:
Անուշ Հակոբյանը Panorama.am-ին ասաց, որ այս պահին Միրզոյանը հիվանդանոցում է, վիրահատության է ենթարկվել, այդ պատճառով էլ ինքն է պարզաբանում, հակառակ դեպքում պատկերասրահի տնօրենն անձամբ կխոսեր խնդրի մասին:
Փոխտնօրենի ներկայացմամբ, աշխարհում եզակի նմուշ համարվող գոբելենը գտնվում էր շատ վատ վիճակում:
«Խաչաձև հյուսվածքով մետաքսաթել գոբելեն է, շատ հազվագյուտ իր տեսակով, տեղ-տեղ կար մաշվածություն, կտորի լրիվ քայքայվածություն, մի խոսքով, լուրջ ռեստավրացիայի կարիք ուներ»,-ասաց Ա. Հակոբյանը:
Նրա խոսքով, դեռ հինգ տարի առաջ դիմել են Վարշավայի թագավորական դղյակի ռեստավրացիոն կենտրոն, մասնագետներ են հրավիրվել, ռեստավրացիան գնահատվել է մոտ 20 հազար դոլար:
«Միրզոյանն անընդհատ իր անձնական կապերով փորձում էր բարերար գտնել: Միքայել Մուշեղ Չավոյանին չգիտեմ հիշո՞ւմ եք, անցյալ տարի պատկերասրահում նրա գորգերի հավաքածուի ցուցադրություն եղավ: 90 տարեկան մարդ է, տարիներ շարունակ զբաղվել է գորգերի ռեստավրացիայով, Փարիզում ռեստավրացիոն կենտրոն ունի, կոլեկցիոներ է»,-ներկայացրեց փոխտնօրենը:
Հենց Չավոյանն էլ համաձայնել է որպես հայ մարդ առանց որևէ գումարի ռեստավրացիայի ենթարկել գոբելենը. «Ասաց, միայն տեղափոխումն իրականացրեք, բերեք հասցրեք մեզ մոտ և մենք մեկ տարվա ընթացքում ռեստավրացիան կանենք, կուղարկենք»:
Ա. Հակոբյանի խոսքով, կառավարության թույլտվությամբ դուրս է բերվել երկրից: Օգոստոսի 7-ին ժամկետը սպառվել է: Մի քանի օր առաջ Չավոյանը դիմել է երեք ամսով ժամկետը երկարաձգելու համար:
«Ինքը օրենքները, կարգերը չգիտի, որ պետք էր նախօրոք գրավոր դիմել: Զանգեց, ասաց, որ հարկավոր է ևս երեք ամիս ժամանակ, գոբելենը վերջնական ցուցադրական տեսքի բերելու համար: Այդքան աշխատանքն արվել է, չէին կարող կիսատ վիճակում գոբելենը բերել, պատկերասրահում դնել, հետո նորից սկսել բարերար փնտրել»,-ասաց Հակոբյանը:
Դրանից հետո պատկերասրահը կրկին փաստաթղթերի փաթեթ է կազմել, դիմել է կառավարությանը, գործադիրը թույլատրել է, որ այն ևս երեք ամիս մնա Փարիզում:
«Բայց արդյունքում մաքսային օրենսդրության հետ հակասություն եղավ, ժամկետը լրացավ, իսկ տուգանքի մասին օրեր առաջ եմ իմացել մամուլից»,-ասաց փոխտնօրենը:
Անուշ Հակոբյանը վստահեցրեց, որ հոկտեմբերին վերականգնված գոբելենը Հայաստան վերադառնալուց հետո անպայման ցուցադրվելու է, հասարակությունն անշուշտ տեսնելու է այն, նաև հատուկ շնորհակալություն է հայտնվելու Չավոյանին:
«Իրականում գոբելենի համար մեծ գործ է արվել, այն ոչնչացումից փրկվել է, եթե պաթետիկ բառեր օգտագործենք: Թե չէ երբ ասում ենք արտահանել է, ու չի վերադարձվել, ստացվում է, տարանք գոբելենի գլուխը կերանք»,-ասաց պատկերարահի տնօրենը:
Նախորդող հրապարակում՝
Տուգանք` Ֆրանսիա արտահանված 400 տարեկան գոբելենը Հայաստան չվերադարձնելու համար