Ինչո՞ւ ՀՅԴ-ի և «Ժառանգության» ղեկավարները ներկա չէին Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպմանը. «Առավոտ»
Երեկ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կայացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման և նախապատրաստման հետ կապված հարցեր:
Նախապես հայտարարվել էր, որ մինչև հանրահավաքը տեղի է ունենալու քառյակի լիդերների հանդիպում: Բայց երեկ տեղի ունեցավ քառյակի երկու ուժերի առաջնորդների հանդիպում: Ինչո՞ւ ՀՅԴ-ի և «Ժառանգության» ղեկավարները ներկա չէին հանդիպմանը` «Առավոտ»-ը հարցրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին, ով ասել է, որ իրենց մոտ ընդունված է, որ կարող են երկկողմ, եռակողմ հանդիպումներ լինել:
«Նորմալ ենք դիտում, որ կարող են նման հանդիպումներ էլ լինել: Բայց ի վերջո հանրահավաքի հետ կապված որևէ հարց պետք է քառյակում քննարկվի»,-ասել է Ռ. Հակոբյանը:
ՀՅԴ-ի վերաբերմունքը Ծառուկյան-Լ. Տեր–Պետրոսյան հանդիպման վերաբերյալ թերթին չի հաջողվել պարզել: