Շատ ավելի լսելի է դառնում, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչում են աշխարհի այլ երկրների խորհրդարանները. ԱԺ փոխնախագահ
«Այս օրինագիծը դուռ է փակում նոր ցեղասպանությունների առջև»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով նախօրեին Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս օրինագծի ընդունումը կարող է նպաստել, որպեսզի Ֆրանսիայի խորհրդարանը առաջիկայում ևս նման օրինագիծ ընդունի, ԱԺ փոխնախագահը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանականների հետ և վաղը նույնպես նման հանդիպում նախատեսված է:
«Հանդիպել եմ սոցիալիստների խմբակցության ղեկավարի հետ, ու նրանք վստահեցրել են, որ կողմնակից են, որպեսզի այդ օրենքն ընդունվի, քանի որ գտնում են, որ այս հարցում երկու կարծիք լինել չի կարող»,- նշեց նա ու ավելացրեց, որ որքան էլ լինեն ճնշումներ թուրքական կողմից, ֆրանսիացիները գնալու են այդ քայլին, դա իրենց քաղաքական կամքն է` ճանաչել դատապարտման օրինագիծը:
Է. Շարմազանովի խոսքով` Վալերի Բուայեն ունի այդ օրինագծի նոր նախագիծ, այնպես որ հայկական կողմը պետք է շահագրգռված լինի, որ այդ հարցում նրա կուսակցությունն ու սոցիալիստները միասնական լինեն, որովհետև Հայոց ցեղասպանությունը կուսակցական պատկանելիություն չի ճանաչում:
ԱԺ փոխնախագահը մատնացույց արեց, որ ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարը նոր թափ է հավաքում և վստահություն հայտնեց, որ «այն, ինչ անշրջելի է, պետք է լինի»:
«Շատ ավելի լսելի է դառնում, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչում են աշխարհի այլ երկրների խորհրդարանները: Առաջադեմ մարդկությունը հասկանում է, որ քանի դեռ օրենքով չի պատժել նրանց, ովքեր ժխտում են անհերքելին, ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վտանգ միշտ կա, որ դրանք կկրկնվեն: Իսկ նմանատիպ օրինագծերով մենք փակում ենք և’ դուռը, և’ պատուհանը, և’ երդիկը բոլոր ճկուն ճնշումների վրա»,-ավելացրեց նա:
Իսկ վերջում ընդգծեց, որ նախօրեին ընդունված օրինագիծը կարևոր է համարում նաև այն առումով, որ Նյուպորտում Թուրքիայի նորընտիր նախագահ Էրդողանը հանդիպել էր Հունաստանի վարչապետին, ներկայացրել իր դժգոհությունն այս օրինագծի վերաբերյալ, սակայն փաստացի` ճնշումն իր ազդեցությունը չունեցավ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին