Ոստիկանապետի հետ հանդիպմանը ԱՄՆ դեսպանը կարևորել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցը
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի գլխավորած պատվիրակությանը: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ընդունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ԱՄՆ դեսպանատան հետ ոստիկանության համագործակցությունը միշտ եղել է ակտիվ, գործնական և արդյունավետ: Նա հատկապես կարևորել է դեսպանատան աջակցությունը ոստիկանության որդեգրած բարեփոխումներին:
Ներկայացնելով ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումները՝ ՀՀ ոստիկանապետը ընդգծել է , որ դրանց նպատակը ժողովրդին բարձրակարգ ծառայություն մատուցելն ու ոստիկանության աշխատանքը թափանցիկ դարձնելն է: Ոստիկանության պետն անդրադարձել է նաև համայնքային ոստիկանության ներդրման, կադրային փոփոխությունների և կադրերի վերապատրաստման, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ հարցերի:
Ջոն Հեֆերնն իր հերթին կարևորել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցը, նշելով, որ դա լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, և այդ առումով անհրաժեշտ է բնակչության պատշաճ իրազեկումն ու համապատասխան աջակցության ցուցաբերումը:
Վլադիմիր Գասպարյանը նշել է , որ հաշվի առնելով խնդրի կարևորությունը և բարդությունը՝ քրեական հետախուզությունում ստեղծվել է անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչություն:
«Այսօր ոստիկանության գործառույթներն իրականացվում են յուրաքանչյուր ծառայողի պատասխանատվության դաշտում, իսկ արդյունքը լինելու է նոր՝ հասարակության հավատն ու վստահությունը վայելող ոստիկանությունը: Բարեփոխումների գործընթացն անշրջելի է»,- աղբյուրի հաղորդմամբ հայտարարել է ոստիկանության պետը:
Հանդիպման ավարտին Ջոն Հեֆերնը բարձր գնահատելով Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ծրագրերը հավաստիացրել է, որ Հայաստանի ոստիկանության հետ կայացած գործընկերությունը շարունակվելու և ընդլայնվելու է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին