Սեպտեմբերի 16-ից Հայաստանում կսկսվեն պնևմակոկի դեմ պատվաստումները
Մանկական մահացությունների թիվը կրճատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը պատվաստումների ազգային օրացույցը համալրում է ևս մեկ պատվաստանյութով, որի նպատակն է կանխելու պնևմակոկային հիվանդությունները, որոնցից վտանգավոր են թոքաբորբն ու ուղեղի թաղանթի բորբոքումը՝ մենինգիտը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, սեպտեմբերի 16-ից հանրապետության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պլանային կարգով կկատարվեն պնևմակոկային պատվաստումները:
Գ.Սահակյանի խոսքերով` միջմկանային պատվաստման եղանակով կպատվաստվեն մինչև 1,5 տարեկան երեխաները: Հայաստանում կիրառվելու է բելգիական արտադրության պատվաստանյութ:
«Հայաստանի պոլիկլինիկաներում, կլինիկաներում կիրառվում են նույն պատվաստանյութերը: Իսկ եթե ծնողը չի ցանկանում, որ իր երեխան պատվաստվի պոլիկլինիկայում, ապա դա իր խնդիրն է, կարող է մասնավոր կլինիկայում պատվաստել, քանի որ նախարարությունը նրանց ևս պատվաստանյութեր է տրամադրում»,- ասաց Գ.Սահակյանը` հավելելով, որ Հայաստանում կիրառվում են միայն եվրոպական արտադրության պատվաստանյութեր:
«Չհավատաք, եթե բուժաշխատողներն ասեն, որ պոլիկլինիկաներում հնդկական արտադրության պատվաստանյութ է օգտագործվում: Մեր երկրում եվրոպական երկրներից բացի այլ արտադրողի պատվաստանյութ չկա»,- հայտնեց նա:
Գ.Սահակյանը միաժամանակ նշեց, որ իրականում կապ չունի, թե որ երկրի արտադրության են այդ պատվաստանյութերը, քանի որ բոլորն էլ ունեն նույն բաղադրատոմսը:
Նշվեց նաև, որ թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ, երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը: Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:
ԱՀԿ տվյալներով, աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1 մլն պնևմակոկային մենինգիտի դեպք, որից մոտ 200,000–ն ավարտվում են անբարեհաջող ելքով:
Պնևմակոկային վարակներին բնորոշ է բնակչության ավելի քան մինչև 50-70%-ի մոտ առողջ մանրէակրության զարգացումը: Վարակի փոխանցման հիմնական ուղին օդակաթիլայինն է: Հիվանդացության պիկը գրանցվում է աշուն-ձմեռ ժամանակաշրջանում, սակայն գրանցվում են միայն եզակի դեպքեր, իսկ բռնկումներ հազվադեպ են լինում: Հաստատվել է ուղղակի կապը սեզոնային սուր շնչառական վիրուսային և պնևմակոկային վարակներով /մասնավորապես` թոքաբորբերի/ հիվանդացության բարձրացումների միջև, մասնավորապես` սեզոնային սուր շնչառական վարակները էականորն բարձրացնում են պնևմակոկային վարակների զարգացման ռիսկը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և ողջ աշխարհում, պնևմակոկային հարուցչով առաջացած հիվանդությունների համաճարակաբանական տվյալները խիստ սուղ են՝ պայմանավորված պնևմակոկերի լաբորատոր ախտորոշման դժվարություններով, ինչպես նաև հակամանրէային դեղամիջոցների լայնածավալ կիրառմամբ:
Հարկ է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար կանխատեսել է պնևմակոկային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշը: Հայաստանի Հանրապետության համար վերոհիշյալ հաշվարկային ցուցանիշը մինչև 5 տարեկան 100,000 երեխայի համար կազմում է 10-ից մինչև 100, այսինքն` մոտ 200 000 մինչև 5 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային վարակի պատճառով Հայաստանում կարող են արձանագրվել տարեկան առնվազն 20-200 մահվան դեպք:
Պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո գրեթե բոլոր երկրներում մինչև 2 տարեկան երեխաների շրջանում պնևմակոկային հիվանդությունների մակարդակը նվազել է 70%-ով: Նվազում է դիտվել բոլոր տարիքային խմբերում, այդ թվում` պատվաստման ոչ ենթակա ազգաբնակչության շրջանում: Հատկանշական է 65 տարեկան և բարձր տարիքային խմբում պնևմակոկային հիվանդությունների նվազումը: Այս օրինաչափությունը պայմանավորված է պնևմակոկային պատվաստումների ներդրումից հետո տարիների ընթացքում արտաքին միջավայրում հարուցչի պասիվ շրջանառության և բնակչության շրջանում կոլեկտիվ անընկալության զարգացման հետ:
Գ.Սահակյանը տեղեկացրեց, որ Հայաստանում նոր ներդրված բոլոր պատվաստումների արդյունքում դիտվել են շոշափելի արդյունքներ։ Հնգավալենտ պատվաստումների շնորհիվ զգալիորեն նվազել են մենինգիտները (ուղեղի թաղանթի բորբոքում), ռոտավիրուսային պատվաստումների արդյունքում` ռոտավիրուսային վարակները և այլն։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա