Մայր Աթոռում ընտանիքի թեմայով գիտաժողովի հիմնական շեշտադրումը հղիության արհեստական ընդհատման վրա կլինի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակը կազմակերպել է «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովը, որը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:
Գիտաժողովին մասնակցելու են եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. կներկայացվի շուրջ 17 զեկույց: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը և մտածողությունը, պատմական փորձառությունը և արդի մարտահրավերները՝ հատկապես վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում:
Գիտաժողովը բաղկացած է լինելու երկու հիմնական մասերից` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում և նրա վրա ազդող գործոնները» և «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնականում շեշտադրում է կատարվելու հղիության արհեստական ընդհատման և հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթի վրա:
Գիտաժողովի աշխատանքը հիմք կծառայի հետագայում առողջապահության վերաբերյալ Հայ Եկեղեցու հայեցակարգի մշակման համար:
Գիտաժողովը կազմակերպվում է «Վորլդ վիժըն»-ի, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում