Նոր զեկույց` հատուկ դպրոցների մոնիթորինգի արդյունքներով
«Մենք ծանոթացել ենք հաշվետվությանը և հիմնականում համաձայն ենք դրանում տեղ գտած նկատառումների ու խնդիրների, ինչպես նաև առաջարկների հետ: Կարելի է առանձնացնել երկու խնդիր` հատուկ դպրոցների պայմաններ ու հատուկ դպրոցներում գտնվող, սովորող ու ապրող երեխաների խումբ, որոնք այդտեղ չպետք է գտնվեն և այդտեղ են սոցիալական խնդիրների պատճառով: Այս հարցում պետք է համատեղենք բոլորիս ջանքերը` գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կառույցների, որպեսզի կանխենք այն երեխաների մուտքը հատուկ դպրոցներ, որոնք չունեն հատուկ կրթության կարիք. երեխաները սոցիալական խնդիրների պատճառով չպետք է կտրվեն ընտանիքից»,- ԿԳՆ և ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունների ենթակայության տակ գտնվող հատուկ կրթական հաստատությունների մոնիթորինգի երրորդ զեկույցի ներկայացման և քննարկման մեկնարկն ազդարարող հանդիպմանը հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Տարիներ առաջ նախարարի խնդրանքով ստեղծված մոնիթորինգի խմբի զեկույցն ամփոփում է նախորդ տարին: Լրագրողների հետ ճեպազրույցում Ա.Աշոտյանը նշեց, որ այն հնարավորություն է ընձեռում նախարարությանը հստակ տեսնել առկա իրավիճակը հատուկ կրթական հաստատություններում, ընդ որում խոսքն այստեղ ոչ միայն կրթության իրավունքի իրացման մասին է, այլ դա իրականացնելու համար զուգորդված այլ երևույթների. «Տարիներ առաջ հասարակությունը ցնցվում էր հերթական ահասարսուռ պատմությունից, որ տեղի էր ունենում այս կամ այն հատուկ դպրոցում: Մենք ունենք երեխաների իրավունքների խախտման աղաղակող դեպքեր, որոնց մի մասը սպրդում էին մամուլից, մի մասը` ոչ և կարող եմ այսօր փաստել, որ անկախ նրանից բազմաթիվ խնդիրներ պահպանվել են այս ոլորտում, բուն երեխայի իրավունքի խախտման ցայտուն և աղաղակող, բռնության դեպքերի փաստեր մենք չունենք: Սա համատեղ աշխատանքի արդյունք է»:
Նա նաև ավելացրեց, որ խնդիրների մեծ մասը կապված է հաստատությունների շենքային պայմանների հետ:
UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռզեհակն էլ նշեց, որ համաձայն վերջին հրապարակումների` մեկ միլիարդ երեխա կանոնավոր բռնության է ենթարկվում, աշխարհի երեխաների միայն երկու տոկոսն է բռնությունից ապահովագրված: Ու թեև ինքը երկար ժամանակ չէ, որ գտնվում է Հայաստանում, այդուհանդերձ տեսնում է, որ Հայաստանը պատրաստ է դիմագրավել այդ մարտահրավերներին. «Երեխայի վրա ձեռք բարձրացնելը խնդիր է, բայց այդքան էլ դյուրին չէ բացատրել ծնողներին այդ մասին: Մենք փորձում ենք դա սերմանել, բայց դեռ դժվարությունների ենք հանդիպում»:
Նշենք, որ աշխատանքներն իրականացրել են 31 դիտորդներ 22 հատուկ դպրոցներում: Մոնիթորինգի ենթարկված 22 հատուկ կրթական հաստատություններում խնամք է մատուցվում 2106 երեխաների, ներառյալ 876 երեխաներ Տարածքային կառավարման նախարարության ենթակայության տակ գտնվող հաստատություններում և 1230 երեխաներ` ԿԳՆ: Այս հաստատություններում գիշերում են 1081 երեխաներ, որոնց մեծ մասը տղաներ են:
Panorama.am-ը հաջորդիվ կներկայացնի զեկույցի մանրամասները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան