Մաքսիմ Շևչենկոյի մեղադրանքները Panorama.am-ի հասցեին անհիմն են. ձայնագրություն
Ռուս հրապարակախոս Մաքսիմ Շևչենկոյի գնահատականների վերաբերյալ նյութի հրապարակումից անմիջապես հետո հարևան Ադրբեջանում, հավանաբար անհանգստանալով տեքստում եղած ձևակերպումների իսկությունից, փորձել են նրանից հերքող պարզաբանումներ ստանալ:
Շևչենկոն, ընդհանուր առմամբ, չի ժխտել հարցազրույցի ու իր որոշ գնահատականների իսկությունը, սակայն մեկ առանձին դրվագում, մեղմ ասած Panorama.am-ի մեկնաբան Արմեն Մինասյանին մեղադրել է իր ասածներն աղավաղելու մեջ: Խոսքը Շևչենկոյի հետևյալ մեջբերման մասին է. «Ղարաբաղը պետք է լինի անկախ»:
Վերջինս հայտարարել է, թե «հայկական տեղեկատվական գործակալությունում իմ «կարող է» բառը, որն իրականում ասել եմ, պարզապես փոխարինել են «պետք է» բառով»: Հաշվի առնելով Մաքսիմ Շևչենկոյի մեղադրանքների անհիմն բնույթը՝ Արմեն Մինասյանը ներկայացնում է հարցազրույցի ձայնագրության նշված հատվածը, ուր ակնհայտ լսվում է, թե ինչ է իրականում ասել նա:
«Չեմ բացառում, որ ռուս փորձագետը նկատի է ունեցել այլ բան, բայց ասել է մեկ այլ բան: Դա իր խնդիրն է: Բայց հանդուրժել չի կարելի այն փաստը, որ ադրբեջանցի գործընկերների ակնկալիքները բավարարելու համար հարգարժան փորձագետն ինձ մեղադրում է անբարեխղճության մեջ:
Բոլոր դեպքերում ես ողջունում եմ Մաքսիմ Շևչենկոյի մոտեցումը՝ անկախ նրանից, իր մտքում որ բառն է նախընտրելի, և կարծում եմ, որ նրա հետ հարցազրույցն ու Ադրբեջանում դրա նկատմամբ մեծ ուշադրությունն իսկապես օգտակար է: Քանզի Մաքսիմ Շևչենկոյի դիրքորոշումը բխում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած կարգավորման բանաձևի մոտեցումներից, որը պաշտոնական Բաքուն ոչ միայն հետևողականորեն մերժում է, այլև խոչընդոտում է այդ մասին տեղեկատվության տարածմանը»,- հայտարարել է Արմեն Մինասյանը:
Հ.Գ Panorama.am-ի խմբագրությունը` որպես բարի կամքի դրսևորում, պարոն Շևչենկոյի կողմից նախաձեռնության առկայության դեպքում պատարաստ է նրա հնչեցրած «պետք է» բառը փոխարինել «կարող է»-ով. հնարավոր է` այդ բառը դեր ունի Շևչենկոյի համար, սակայն բացառապես ազդեցություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրական կարգավիճակի վրա:
Նախորդիվ`
Մաքսիմ Շևչենկո. Բաքվին միշտ կոչ եմ արել բանակցել ոչ թե Երևանի, այլ Ստեփանակերտի հետ