Շտապօգնության ծառայության բարելավման արդյունքում գյուղական համայնքները նույնպես որակյալ սպասարկում կստանան
Շտապօգնության ծառայության բարելավման և մի շարք խնդիրների լուծման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունն ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը համատեղ իրականացնում են «Աջակցություն շտապ օգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագիրը:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ծրագրի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում` իրավական ակտերի և փաստաթղթերի նախագծերի մշակում, որոնց միջոցով տարանջատվել են շտապ օգնության կանչերը և դրանք բաժանվել են կատեգորիաների, որոնց յուրաքանչյուրի համար սահմանվել են կանչի արձագանքման և սպասարկման ժամկետները:
Թ.Ստեփանյանի խոսքերով` պատրաստվել են նաև հանրային իրազեկման նյութեր, որոնց միջոցով հանրությունը կիրազեկվի, թե որ դեպքերում պետք է դիմել շտապ օգնության ծառայությանը, ինչպես նաև դիմելու դեպքում կարգավարի որ հարցերին է պետք պատասխանել:
Ծրագրի շրջանակում, ըստ նրա, մշակվել և գործում է www1-03.am վեբ-կայքը, որտեղ քաղաքացիները կարող են ամբողջական տեղեկություն ստանալ շտապօգնության ծառայության վերաբերյալ: Բացի այդ, գործում է օնլայն համակարգ, որտեղ քաղաքացին հնարավորություն ունի առողջության հետ կապված իրեն անհանգստացնող հարցը ուղղել համապատասխան որակավորում ունեցող մասնագետին և ստանալ օնլայն պատասխան:
Թ. Ստեփանյանը նշեց նաև, որ ծրագրի շրջանակներում արդեն իսկ գործում է շտապ օգնության տեղեկատվական վերլուծական կենտրոնը ՀՀ տարածքում, որը հնարավորություն է տվել ստեղծել էլեկտրոնային կանչի թերթիկներ և բոլոր կանչերը ավտոմատ գրանցել համակարգում:
«Արդյունքում, էլեկտրոնային կանչի թերթիկում կարող ենք տարաբնույթ տեղեկատվություն ստանալ կանչի վերաբերյալ` սկսած կանչի սպասարկման, ընդունման և հոսպիտալացման ժամերից, այնպես էլ բրիգադի աշխատանքից»,- ասաց Թ. Ստեփանյանը:
Նա կարևորեց նաև շտապ օգնության մեքենաներում տեղադրված պլանշետների առկայությունը, որոնց միջոցով բրիգադները կարողանում են անմիջապես ստանալ կանչի թերթիկի էլէկտրոնային տարբերակը և անհրաժեշտության դեպքում ծանոթանալ հիվանդության պատմությանը:
Այսինքն` համակարգի միջոցով կանչը ընդունելուց մինչև հոսպիտալացում, բրիգադների աշխատանքը ավելի վերահսկելի է դառնում` նպաստելով ծառայության որակի բարձրացմանը»,- նշեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը:
Նշվեց նաև, որ ծրագրի շրջանակներում մշակվել է 2015-2018թթ. ՀՀ շտապ օգնության ծառայության զարգացման ռազմավարության նախագիծը: Թ. Ստեփանյանի գնահատմամբ` եթե այսօր ծառայության որակի բարձրացումը նկատելի է հանրապետության խոշոր քաղաքներում, ապա այս ռազամավարության ներդրումից հետո այն նկատելի կդառնա նաև գյուղական համայնքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա