Վիգեն Սարգսյան. Ամեն ինչ անելու ենք Հայաստանում «բաց երկնքի» քաղաքականությունը լիարժեք իրականացնելու համար
«Հայաստանի նախագահի հանձնարարությամբ մշակված և իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ զբոսաշրջիկների թվի գրեթե 35 տոկոսի աճ ենք արձանագրում: Միջազգային չափանիշներով լավ արդյունք է: Վստահ ենք, որ շարունակվելու է»,- ասուլիսում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ «բաց երկնքի» քաղաքականությունը հետևողականորեն իրականացվելու է: Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք Հայաստան գալու, Հայաստան թռիչքներ իրականացնելու հետաքրքրություն ունեն, Վ. Սարգսյանի խոսքով, Հայաստանում հանդիպելու են լիարժեք աջակցության:
«Նախագահի խիստ հանձնարարականն է բոլոր այն կառույցներին, որոնք զբաղվում են ավիացիայի, զբոսաշրջության խնդիրներով, հետևողականորեն իրականացնել այդ քաղաքականությունը: Եթե որևէ ավիաընկերություն Հայաստանում հանդիպի որևէ խոչընդոտի, անպայման անհրաժեշտ է այդ մասին բարձրաձայնել, լինելու է պետության ղեկավարության լիարժեք աջակցությունն այդ ավիաընկերությունների Հայաստան մուտք գործելու ուղղությամբ: Դա մեր ցանությունն է, ձգտումն է, ամեն ինչ անելու ենք այդ քաղաքականությունը լիարժեք իրականացնելու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների մեջ մեծ տոկոս են կազմում Իտալիայից ժամանող զբոսաշրջիկները. հունիս ամսվա դրությամբ նրանք առաջին տեղն են զբաղեցնում: